Բաժիններ՝

«Ձեզ հետ եմ ամեն անգամ, երբ լսում եք իմ երգերից մեկը». Կատարվեց Հայկոյի երազանքը

Ամռան վերջին օրը՝ օգոստոսի 31-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ բաց երկնքի տակ, տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Հայկո» մեծ համերգը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Երևանի Կամերային երգչախմբի հետ միասին, բեմում էին Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Ներսես Ավետիսյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Սևակ Ավանեսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Կամո Սեյրանյանը, Սեդա Սեյրանյանը և այլք։

Համերգի ընթացքում հնչեցին Հայկոյի գրեթե բոլոր ստեղծագործությունները, ֆիլմերի սաունդթրեքները։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց կոմպոզիտորի «Հավատա» երգը, որը նա մահից առաջ չէր հասցրել ձայնագրել։

Կարդացեք նաև

Ընկերների, «Հայկո Հակոբյան» հիմնադրամի միջոցով Հայկոյի վաղեմի երազանքը՝ սիմֆոնիկ նվագախամբի կատարմամբ իր ստեղծագործությունները ներկայացնելը, իրականություն դարձավ, որը, ցավոք, տեղի ունեցավ առանց նրա։

Համերգին Հայկոն ներկա չէր միայն ֆիզիկապես, նրա շունչը, հույզերը, սերն ամբողջությամբ արտացոլված էին նրա ստեղծագործություններում։

«Ի՞նչ կասեր Հայկոն, եթե հիմա այստեղ լիներ։ Երևի կհարցներ՝ տխրո՞ւմ եք, որ ինձնից հեռու եք։ Իսկ մենք կպատասխանեինք՝ այո՛, տխրում և կարոտում ենք։ Իսկ ինքը կասեր՝ ես ձեզ հետ եմ ամեն անգամ, երբ լսում եք իմ երգերից մեկը, երբ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հիշում է ինձ։ Ու պատկերացրեք, որ այս երեկո Հայկոյի հրավերով գտնվում ենք մի հեքիաթում»,- համերգի բացման ժամանակ ասաց դերասան Խորեն Լևոնյանը։

Սոնա Ռուբենյանի կատամամբ ներկայացվեց Հայկոյի «Վերև» ստեղծագործությունը, ինչը երգչուհու համար միայն երգ չէ։

«Երգն իմ անձնական պատմությունների հետ է կապված, ես երազում էի, որ այն հնչեր իմ հարսանիքի օրը և դառնար իմ սիրո երգը։ Բայց վերջին անգամ «Վերևը» շատ ցավոտ տեղից հնչեց։

Ապրումներս չեմ կարող նկարագրել»,- համերգից առաջ նշեց Սոնան։

Գրեթե 2 ժամ Գառնու տաճարի տարածքում գտնվող հանդիսատեսը երգեց բեմում գտնվող արտիստների հետ, իսկ վերջում բարձր ծափահարությունների ներքո Սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Հայկոյի ևս մեկ ստեղծագործություն, որի հնչյունների ներքո էլ հանդիսատեսը հեռացավ համերգից՝ իր հետ տանելով մեծ հույզեր, որոնք ստացավ կոմպոզիտորի ստեղծագործություններից։

Տեսանյութեր

Լրահոս