Բաժիններ՝

Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից և սովից նոր զոհերի մասին

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 13 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 361-ի, որոնցից 130-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Այսօր մենք գրանցեցինք սովի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը. մարդիկ մահանում են փողոցներում։ Գազան պատերազմի սկզբից ի վեր ապրում է ամենավատ մարդասիրական պայմանները», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ գերատեսչության, թերսնումից տառապում են ավելի քան 55 000 հղի և կրծքով կերակրող կանայք։

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 2-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 73 պաղեստինցի, այդ թվում՝ 42-ը՝ Գազա քաղաքում։

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազա քաղաքի հարավում գտնվող աս-Սաբրա թաղամասի տներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Իսրայելին հորդորի դադարեցնել կոտորածն ու անարդարությունը Գազայում։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին մամուլի ասուլիսում հայտնել է, որ Գազայում հրադադարի վերջին առաջարկին Իսրայելը դեռևս արձագանքել։

«Գազան օկուպացնելու Իսրայելի ծրագիրը վտանգի է ենթարկում բոլորին, այդ թվում՝ բանտարկյալներին։ Իսրայելի քայլերն այժմ բախվում են տարածաշրջանային և միջազգային հստակ դիմադրության»,- նշել է նա։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 63 633-ի, վիրավորվել է 160 914 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս