Բաժիններ՝

ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների վերջին երկու փուլերն արդյունք չեն տվել. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի բանակցությունների վերջին երկու փուլերը վերջնական արդյունք չեն տվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնում է Mehr  գործակալությունը։

Պաշտոնյան նշել է, որ ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների շարունակման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։ Բաղային քննադատել է «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) գործողությունները, որոնք ձեռնարկվում են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ՝ դրանք անվանելով «խիստ անպատասխանատու և իրավաբանորեն անհիմն» և զգուշացնելով, որ դրանց հետևանքները կարտացոլվեն բազմաթիվ ոլորտներում։

«Մինչ այժմ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալի մակարդակով երկու փուլով հանդիպումներ են անցկացվել Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի կազմակերպության իրանցի պաշտոնյաների հետ, սակայն վերջնական արդյունքների չենք հասել», – ասել է Բաղային։

Նա հավելել է, որ ԱԷՄԳ տեսուչների մուտքն Իրան միայն Բուշերի միջուկային ռեակտորում վառելիքի բեռնման գործընթացը դիտարկելու համար էր, և այն իրականացվել է միջազգային կանոնակարգերի համաձայն՝ կայանի գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

«Ներկայում Իրանում ԱԷՄԳ-ի ոչ մի տեսուչ չկա, սակայն Իրանի և գործակալության միջև հաղորդակցությունը շարունակվում է։ Իրանը վերահաստատել է իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և Համապարփակ անվտանգության մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին՝ շարունակական կապեր պահպանելով Վիեննայում իր առաքելության միջոցով», – եզրափակել է նա։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը կհայտարարի և կիրականացնի իր զսպման միջոցառումները՝ ի պատասխան ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործարկելու՝ Եվրոպայի ճնշման։

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ եթե Իրանը չհամաձայնի նոր միջուկային գործարքի, ապա իրենք կգործարկեն պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը, որով կվերականգնվեն Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս