
Վենեսուելան ԱՄՆ-ի կողմից ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ սպառնալիքին. Մադուրո

Վենեսուելայի նախագահն հայտարարել է, որ երկիրը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների կողմից ներխուժման ամենամեծ սպառնալիքին։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որից հատվածներ է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Վենեսուելան բախվում է մեր մայրցամաքի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքին վերջին 100 տարվա ընթացքում։ Ութ ռազմանավ՝ 1200 հրթիռներով, և մեկ միջուկային սուզանավ նշանակետի տակ են պահում մեր երկիրը», – մամուլի ասուլիսում ասել է Մադուրոն։
Նա ներխուժման սպառնալիքը որակել է որպես «չափազանց մեծ, չարդարացված և միանգամայն հանցավոր»։
Նիկոլաս Մադուրոն շեշտել է, որ «առավելագույն ռազմական ճնշման պայմաններում Վենեսուելայում հայտարարվել է պաշտպանության առավելագույն պատրաստվածություն»։
Նախագահը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Վենեսուելայի վրա ճնշում գործադրելու և Լատինական Ամերիկայում իրավիճակն անկայունացնելու համար։ Վենեսուելայի ղեկավարը հայտարարել է, որ Ռուբիոն մտադիր է «սանձազերծել արյունահեղություն և արյունով պղծել (ԱՄՆ նախագահ) Թրամփի անունը, պատերազմ սկսել Վենեսուելայի, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի ժողովուրդների դեմ»։
Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահին խաղաղության և բարեկամության կոչով։
«Ես կոչ եմ անում խաղաղության, և ի դեմս Վենեսուելայի Թրամփը միշտ կգտնի բարեկամության ձեռք», – ասել է Մադուրոն։
Նա ընդգծել է, որ «ռեժիմների փոփոխության քաղաքականությունը ձախողվել է ամբողջ աշխարհում»:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն կրկնապատկել էր Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար պարգևի չափը՝ այն հասցնելով 50 միլիոն դոլարի: Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Վենեսուելայի նախագահն «օգտագործում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունները» ԱՄՆ թմրանյութեր ներմուծելու համար: