
«Ըստ իրանական մամուլի՝ բացառված չէ իրանական բանակի ներկայության տարբերակը Հայաստանի տարածքում, եթե…». Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. ««Ռազմավարական պայմանագի՞ր», թե՞ ռազմավարական խելագարություն։
Արդեն ակնհայտ է, որ ՀՀ-յան ամենա իբր «սուվերեն» իշխանությունը, ըստ ամենի, պատրաստ է սեփական իշխանությունը պահպանելու համար գնալ ցանկացած գործարքների ու զիջումների, նույնիսկ եթե դա հարվածում է Հայաստանի գոյաբանական հիմքերին։
Օրինակ՝ այն բանից հետո, երբ Երևանի «թավշյա» ռեժիմը երկիրը վերածեց մարտադաշտի տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների համար, առաջին պլան է դուրս եկել Իրանը, որը արդեն բաց տեքստով ձևակերպել է իր գլխավոր պահանջը․ Իրանը Հայաստանից պահանջում է երաշխիքներ, որ Զանգեզուրի միջանցքը կամ «Թրամփի ճանապարհը» չեն վտանգի Իրանի շահերն ու անվտանգությունը։ Ու այս պարագայում հայկական և իրանական կողմերը նույնիսկ սկսել են խոսել ինչ-որ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին։
Սակայն «ռազմավարական գործընկերության» գեղեցիկ բառերի ետևում թաքնված է մի գործընթաց, որը կարող է էլ ավելի սահմանափակել Հայաստանի հնարավորությունները իր սուվերենությունը լիարժեք իրացնելու հարցում։ Ըստ իրանական մամուլի արտահոսքերի՝ բացառված չէ նույնիսկ իրանական բանակի ներկայության տարբերակը Հայաստանի տարածքում՝ մինչև հինգ կիլոմետր խորությամբ, եթե Թեհրանը համարի, որ Սյունիքի միջանցքի նախագիծը սպառնալիք է իր ազգային անվտանգությանը։ Այլ կերպ ասած՝ ըստ մամուլի արտահոսքերի, Հայաստանը կարող է կամավոր կերպով հրաժարվել սեփական տարածքի նկատմամբ մասնակի սուվերենությունից՝ Իրանի «անվտանգության երաշխիքների» շրջանակում։
Կացության աբսուրդայնությունը հասել է գագաթնակետին․ այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ԱՄՆ-ի ուղիղ միջնորդությամբ փորձում է կյանքի կոչել միջանցքի նախագիծը Սյունիքով, Երևանի իշխանությունները իբր փնտրում են հակակշիռ Իրանի միջոցով, բայց իրականում քննարկում են պայմաններ, որոնք երկիրը վերածում են ամենադաժան հակամարտության թատերաբեմի՝ Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
Եվ ահա այս ամբողջ խառնաշփոթը հասարակությանը ներկայացվում է որպես «ռազմավարական պայմանագիր»։
Իրականում գործ ունենք աննախադեպ մոլորության հետ։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Իրանին մեղադրել պետք չէ․ իրանցիները պաշտպանում են իրենց ազգային շահերը և դա անելու են մինչև վերջ։ Նրանք առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և եթե Հայաստանի ներկայիս իշխանություններին կարևոր չէ սեփական երկիրը, ապա Թեհրանը, բնականաբար, չի սգա․ նա պարզապես կզբաղվի իր սահմանների և պետության պաշտպանությամբ՝ առանց հաշվի նստելու Հայաստանի հետ։ Ու, հաշվի առնելով թավշիստների ապապետական կեղծվածքը, դա «նորմալ» է։
Ներողություն, իսկ ի՞նչ անեն իրանցիները, եթե հենց իրենք կանգնած են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նոր էսկալացիայի շեմին։ Այս պայմաններում Երևանի իշխանության դեգերումները՝ Վաշինգտոնի, Թեհրանի, Մոսկվայի և թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի միջև, վերածվում են ցրտաշունչ, անկազմակերպ, անտրամաբանական ու անսցենար ներկայացման, որն անխուսափելիորեն կունենա վատ ավարտ։
Արդյունքը պարզ է․ շահերի որևէ հավասարակշռություն չի ձևավորվել, իսկ հակառակը՝ տեղի է ունեցել Հայաստանի սուվերենության խալխլում, միայն թե սրանք վերընտրվեն։
Եվ այս ամենը անվանել «տարածաշրջանային կայունության ներքո խաղաղությանը միտված գործընթաց»՝ նշանակում է վերջնականապես ծաղրել ողջամտությունը»: