
Սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում․ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։
Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով բացառիկ զեղչեր։
Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։
Փառատոնի երեք օրերին տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանցի գրողների հետ (Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Նիդերլանդներ, Վրաստան, Իրան), պոեզիայի ընթերցումներ, քննարկումներ, վարպետութան դասեր, պերֆորմանսներ, փիթչինգ և այլն։
Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում առաջին անգամ կտրվի Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումը։ Մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը և գրական վարպետությունը: Մրցույթին դիմել է 108 ստեղծագործող՝ 25 երկրից: Այս ցուցանիշները փաստում են, որ Սարոյանի մրցանակը իսկույն դարձավ գրական կարևոր իրադարձություն։
Գրական մրցույթին այս տարի դիմել է 361 ստեղծագործող, հաստատվել է 212 հայտ՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։
Սեպտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անունները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Կազմակերպիչները՝ «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ-ն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։