
«Վագներ»-ի վերահսկողության տակ գտնվող աֆրիկյան հանքում հրաձգության հետևանքով սպանվել է տեղի առնվազն 11 բնակիչ

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Նդասիմ քաղաքի մոտակայքում՝ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վերահսկողության տակ գտնվող ոսկու հանքում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 11 տեղացի։
Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչների և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների։
Ըստ հաղորդագրության՝ զոհվածների թվում են մոտակա գյուղերի երիտասարդներ, որոնք եկել էին հանք ոսկու և մանրախիճի մնացորդներ որոնելու։ Տեղաբնակ Սերժ Պունեմատչին, որի որդին զոհվածների թվում էր, պատմել է, որ հանքի տարածքը արգելված է քաղաքացիների մուտքի համար, սակայն գործազուրկ երիտասարդները հաճախ գիշերային ժամերին մեկնում են այնտեղ՝ ապրուստի միջոց որոնելու։
AP-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասին գնդակահարել են։ Նրանց անունները, տարիքները և զոհվածների ճշգրիտ թիվը դեռևս չեն հրապարակվել, իսկ մի շարք անձինք համարվում են անհետ կորած։ ԿԱՀ իշխանությունները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։