Բաժիններ՝

«Ասե՞ղ է, որ չեն կարողանում հայտնաբերել». Էջմիածնում ողբերգության միջադեպի գործով նախաքննությունը չի ավարտվել, փախուստի դիմած անձին դեռևս չեն հայտնաբերել

Այս տարի գարնանը՝ ապրիլի 23-ին, Էջմիածին քաղաքում ողբերգությամբ ավարտված միջադեպի գործը դեռևս նախաքննական փուլում է։

Նշենք, որ ծեծելով սպանել էին 22-ամյա երիտասարդ Պարգև Հակոբյանին:

Սպանության պատճառը եղել էր այն, որ մեքենան անցել է ջրափոսով, և ջուրը լցվել է կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մահացել էր մայիսին։

Պարգև Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, 168.amին փոխանցեց, որ իրավապահները դեռևս չեն հայտնաբերել միջադեպից հետո փախուստի դիմած՝ ծեծի մասնակիցներից մեկին։

Կարդացեք նաև

«Մեզ տեղեկացրել են, որ Քննչական կոմիտեն մինչև վարույթը չավարտի, մեզ որևէ նյութ չեն կարող տրամադրել, ոչինչ չեն կարող ասել, քանի որ բոլորը նախաքննական գաղտնիք են։

Այդ եղբայրներից մեկը դեռևս փախուստի մեջ է, թեպետ տեղեկություններ ունենք, որ նա քաղաքում է, մտնում իրենց տուն ու դուրս է գալիս, թեկուզ ուշ ժամերի նրան տեսնողներ են եղել։ Թե ինչո՞ւ չի ձերբակալվում, ինչո՞ւ որևէ գործողություն չեն անում՝ տեղեկություններ չունեմ։ Ասե՞ղ է, որ չեն կարողանում հայտնաբերել։ Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությանը, որը, ասում են՝ գուցե երկար տևի, ամիսներ։ Այդ փաստաթուղթը դեռևս ներկայացված չէ ՔԿ։ Ինքս առայժմ այսքան բան գիտեմ գործի հետ կապված»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իրենց նաև փոխանցել են, որ գործընթացը չի ձգձգվում, պարզապես կարգն է այսպես, մանրակրկիտ քննություն է պահանջում։ Մարդկանց են կանչում հարցաքննելու, թե ովքեր են այդ մարդիկ, մեր զրուցակիցը տեղյակ չէ։

«Վատ չեմ ուզում տրամադրվեմ, հուսով եմ՝ իսկապես արդարադատություն տեղի կունենա։

Տեղյակ ենք, որ ընկերը, ով այդ օրը որդուս հետ է եղել, Ռազմական ոստիկանությունը գնացել, այստեղ է բերել, գտնվում է Երևանում։ Թե ինչ տեղեկություն է նա փոխանցել, չգիտեմ։ Մեծ որդուս էլ, նրա ընկերոջն էլ են կանչել հարցաքննության, մնացածի վերաբերյալ տեղեկություններ չունենք»,- հավելեց Աիդա Գրիգորյանը։

Նշենք, որ Աիդա Գրիգորյանի խոսքով՝ տղաները, որոնք Պարգև Հակոբյանին մահվան են հասցրել, 3 եղբայրներ են, նույնպես՝ Էջմիածնից, տիկին Գրիգորյանի հայրական տան հարևաններից են։ Ասում է՝ ամբողջ քաղաքը նրանց գիտի՝ որպես վատ վարք ունեցող տղաների, որոնց հայրն էլ բանտում է։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ այդ տղաները ցուցաբերում են նման վատ վարք։

Հարվածները հասցվել են Պարգևի գլխին, նրան անգիտակից վիճակում են տեղափոխել «Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, 13 օր բժիշկները պայքարել են Պարգևի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չի հաջողվել։

Պարգևը 2021 թվականին էր մեկնել ժամկետային ծառայության, Սյունիք։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ եղել է գործողությունների կիզակետում, սակայն թշնամու գնդակը նրան չէր դիպել, նա ողջ և առողջ զորացրվել էր, վերադարձել Էջմիածին և աշխատում էր «Զվարթնոց» օդանավակայանում։

Տեսանյութեր

Լրահոս