Սարսափելի դեպք՝ ջրափոսից թռած ջրի պատճառով տղային ծեծելով հասցրել են մահվան. «Գնալու ենք մինչև վերջ, թուրքի գնդակից փրկված տղաս եկավ ընկավ մի հայ տականքի ձեռքը». պատմում է մայրը՝ Աիդա Գրիգորյանը 

Օրեր առաջ՝ ապրիլի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։ Քաղաքում ցնցված են ողբերգական ավարտով տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպից՝ սպանել են 22-ամյա երիտասարդ Պարգև Հակոբյանին: Սպանության պատճառը եղել է մեքենայի՝ ջրափոսով անցնելը, որի պատճառով ջուր է լցվել կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց է եղել… վեճ է առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի են ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մահացել է։

22-ամյա Պարգև Հակոբյանի կյանքը չհաջողվեց փրկել…

Այս ողբերգության մասին օրերս ավելի շատ հայտնի դարձավ, երբ Պարգևի ընկերներից ոմանք իրենց ֆեյսբուքյան էջերում գրառում էին արել, կիսվել լուսանկարներով։

Կարդացեք նաև

Պարգև Հակոբյանը Մոսկվայից էր Հայաստան եկել, 2021 թվականին մեկնել պարտադիր զինվորական ծառայության։ Նրան ճանաչողները փաստում են՝ համեստ, ազնիվ, հայրենասեր, խելացի ու հարգանքով տղա էր, երբեք որևէ մեկը նրա կողմից որևէ վատ խոսք ու արարք չի տեսել։

Պարգևի ընտանիքը սպասում է արդարադատության, որպեսզի տղային մահվան հասցրած մարդիկ ստանան իրենց արժանի պատիժը։

168.am-ի խնդրանքով Պարգևի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, պատմեց որդու ու ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպի մասին։

«Մենք Մոսկվայում էինք բնակվում, Պարգևը 2021 թվականին եկավ Հայաստան, քանի որ մեծ եղբայրը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից էր, իրեն որևէ կերպ չկարողացանք պահել Մոսկվայում, տարբերակներ ունեինք, բայց չուզեց… Երկու որդիներս էլ հայրենասեր են։ Պարգևը ցանկացավ գալ ու հայրենիքին պարտքը տալ, քանի որ եղբայրն էլ ուներ ընկերներ, որոնք զոհվել էին, հետո նրա աչքերին ինչպե՞ս էր նայելու… 

Հենց առաջին օրվանից Պարգևը Գորիսում, Խնձորեսկում է ծառայել՝ Խնածախի, Իշխանասարի դիրքերն են պահել։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ պատերազմի ժամանակ, եղել է կիզակետում, բայց թուրքի գնդակից փրկվել է։ Զինվորական ծառայությունից հետո 2 որդիներս էլ որոշեցին, որ Հայաստանը չեն լքելու, մնալու են Հայաստանում, մենք էլ որոշեցինք Մոսկվայից վերադառնալ Հայաստան, ունենք նաև փոքր տղա, ով իր եղբայրների կարիքն ուներ, շատ կապված են իրար հետ»,-նշեց Աիդա Գրիգորյանը։

Պարգևն ու եղբայրը սիրել են Էջմիածին քաղաքը, 6 տարեկանից այնտեղ են ապրել, հետո տեղափոխվել Մոսկվա։

Պարգևն արդեն 2 տարի է՝ աշխատում էր «Զվարթնոց» օդանավակայանում։

«Այդ չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, հորդառատ անձրև էր, մենք միասին մեքենայով տուն էինք գալիս, ճանապարհին Պարգևին զանգահարեց ընկերը՝ Հրաչյան, ով ծառայում է բանակում։ Որդուս մանկության ընկերն է, նույն փողոցում են ապրել, միասին են մեծացել։ Պարգևն ասաց՝ մա՛մ, գնամ Հրաչյային տեսնեմ ու վերադառնամ, տունը 15 րոպեի ճանապարհ էր, և այդ 15 րոպեն ճակատագրական դարձավ…

Ամենաշատը 30 րոպե էր անցել, մեծ տղան զանգահարեց ու ասաց, որ շտապ հասնենք հիվանդանոց, ինչ-որ կռիվ է եղել, Պարգևի վիճակը ծանր է։ Ընկերը՝ Հրաչյան, դեռ լռում է, նա տեսել է՝ ինչ է տեղի ունեցել, բայց բոլոր զրույցներից հասկացել ենք, որ պատճառը ջուրն է եղել. անձրև է եղել, ճանապարհներին՝ ջրափոսեր, Պարգևի մեքենան վարելու ընթացքում ջուր է լցվել կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց է եղել։ Եղել են 3 եղբայրներ, իրենցից մեծ եղբայրն է ղեկին եղել, հետո զանգել է մյուս 2 եղբայրներին, թե՝ այսինչ մեքենայի հարցերը գնացեք լուծեք… Վարկածներ կան, թե իբր տղայիս մոտ դանակ է եղել, իբրև հայհոյել է, սուտ է, խեղաթյուրված տեղեկատվություն է, նման բան չի եղել»,- ասաց  Պարգևի մայրը՝ Աիդա Գրիգորյանը։

Հարվածները հասցվել են Պարգևի գլխին, նրան անգիտակից վիճակում են տեղափոխել «Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, 13 օր բժիշկները պայքարել են Պարգևի կյանքը փրկելու համար։

«13 օր տանջանքներից հետո Պարգևը որոշեց հանձնվել, մայիսի 6-ին որդիս մահացավ… Խիստ էր դրված հիվանդանոցում, որ վերակենդանացման բաժանմունք մարդ չպետք է մտնի, բայց բժիշկները թույլ էին տալիս, որ 2 րոպեով մտնեմ տղայիս մոտ, որ ականջին խոսեմ, ուժ տամ…

Պարգևն ուներ գանգի կոտրվածք, արյան զեղումներ, ուղեղի այտուց։ Բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց… Թուրքի գնդակից փրկված տղաս եկավ ընկավ մի հայ տականքի ձեռքը, այլ կերպ բնութագրել չեմ կարող»,- հավելեց Պարգևի մայրը։

Տղաները, որոնք Պարգև Հակոբյանին մահվան են հասցրել՝ նույնպես Էջմիածնից են, Աիդա Գրիգորյանի հայրական տան հարևաններից, ամբողջ քաղաքը նրանց գիտի՝ որպես վատ վարք ունեցող տղաներ, նրանց հայրը բանտում է։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ այդ տղաները ցուցաբերում են նման վատ վարք։

«Այսքան ժամանակ վատ բան չեմ ասել, միայն ասում էի՝ Աստծո հրաշքով զավակս փրկվի, բայց այսօր ունեմ այն, ինչ ունեմ, գնալու ենք մինչև վերջ… Գործին ընթացք է տրվում, պետք է 3-ն էլ իրենց պատիժը ստանան, ես չգիտեմ՝ քանիսն են եղել, բայց հույս ունեմ, որ Հրաչյան կխոսի…  Փոքր որդիս՝ 5-ամյա Արեգը, ամեն օր հարցնում է, թե՝ մամ, Պարգևն ինչո՞ւ չի գալիս, ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, երկնքում է, երեկ երազի մեջ լացում էր, Պարգևին էր ուզում»,-պատմեց Պարգևի մայրը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս