
Մեզ հարցրել են՝ ուզո՞ւմ եք դառնալ ԵՄ անդամ, ես պատասխանել եմ՝ այո՛, ուզում ենք դառնալ. Նիկոլ Փաշինյան
«Եվրոպական միությունում մեր ունեցած քննարկումներում, բնականաբար, մեզ հարց է ուղղվել ու ուղղվում՝ արդյո՞ք ԱԺ-ում ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանն ուզում է դառնալ Եվրամիության անդամ։ Իմ պատասխանը եղել է, որ, այո՛, Հայաստանը ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ»,- հրավիրած ասուլիսում անդրադառնալով լրագրողի՝ բրյուսելյան այցի մասին հարցադրմանն ու «արդյո՞ք Եվրոպայում սպասում են Հայաստանին» հստակեցմանը, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ թե՛ ինքը, թե՛ եվրոպացի գործընկերներն արձանագրել են, որ որևէ երկրի՝ ԵՄ անդամ դառնալու գործընթացը պարզ չէ։
«ԵՄ բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնեն, և երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին,- նշեց նա՝ մանրամասնելով, որ իրենից մեկնաբանություն են ուզել, թե ոնց է պատկերացնում այդ խնդրի լուծումը,- Ես ասել եմ՝ մենք, բոլոր դեպքերում, ունենք բարեփոխումների հավակնոտ ծրագիր և ռազմավարություն։ Եվ այդ ռազմավարությունը, այսպես թե այնպես, իրականացնելու ենք։
Այսինքն՝ մենք այժմ, այդ թվում՝ նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, նաև առաջիկայում կլինի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր օրակարգը, մենք այս ամենի սահմանում շարունակելու ենք մեր երկրի բարեփոխումները մինչև այն կետը, երբ Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Այս կետում կա երկու տարբերակ՝ կա՛մ Հայաստանին ընդունում են Եվրամիության անդամ, կա՛մ չեն ընդունում։ Եթե ընդունում են՝ շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում, էլի Հայաստանը լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան մի երկիր։
Այսինքն՝ երկու դեպքում էլ մենք այս ռազմավարությունը չշարունակելու որևէ պատճառ չունենք»։
Նա հավելեց՝ նաև այլ հարցեր են քննարկել՝ ինչպես, օրինակ, վիզաների ազատականացման գործընթաց, գործընկերների ուշադրությունն են հրավիրել ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպանատներում հերթերի խնդրի վրա։
«Իհարկե, սա նաև կապված է նրա հետ, որ հոսքը շատացել է դեպի ԵՄ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում