Թե ինչպես ԱԳՆ-ն ֆիլտրեց ԵՄ բարձր ներկայացուցչի երևանյան ասուլիսը՝ սահմանափակելով, այդ թվում՝ 168.am-ի՝ հարց ուղղելու իրավունքը

Նախօրեից պաշտոնական այցով Հայաստանում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, փաստաթուղթ ստորագրվեց, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցություններ կայացան, որից հետո տեղի ունեցավ Կալլաս-Միրզոյան մամուլի ասուլիս:

168.am-ն ասուլիսին մասնակցեց բանախոսներին հարց տալու նպատակով, քանի որ միշտ չէ, որ առիթ է ընձեռվում անձամբ հարց ուղղել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող գործչին:

Մինչ մամուլի ասուլիսի մեկնարկը ՀՀ ԱԳՆ աշխատակիցը նախ մեզանից փորձեց ճշգրտել՝ արդյոք ունե՞նք հարց, ո՞ւմ է այն ուղղված, և ի՞նչ բովանդակություն ունի: Թեև նախապես այս ճշտումը տարակուսանք հարուցեց, սակայն պատասխանեցինք, որ հարցն առնչվում է ՀՀ-ԵՄ բարեփոխումների օրակարգին: Այստեղ հարկ է նաև նշել, որ բուն ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանի պատասխաններից մեկից հետո ծագեց մեր երկրորդ հարցը, որն ուղղված էր լինելու ՀՀ ԱԳ նախարարին։

Սակայն ասուլիսին ներկա ընդամենը 4 հայկական ԶԼՄ-ներից հարցի հնարավորություն տրվեց երկու լրատվամիջոցի, որոնցից յուրաքանչյուրը տվեց երկուական հարց յուրաքանչյուր բանախոսին: Եվրոպական կողմից լրատվամիջոցներ ասուլիսին ներկա չէին, հետևաբար՝ հարց տալու հնարավորություն պետք է տրվեր միայն հայաստանյան ԶԼՄ-ներին:

Կարդացեք նաև

Այստեղ հարկ է նաև նկատել, որ հարցի հնարավորություն ստացած ԶԼՄ-ներից մեկն ԱԳՆ-ում հարց է ուղղում բոլոր ասուլիսների ընթացքում: Ամենևին չթիրախավորելով մեր գործընկերոջը և չխախտելով նրա հարց տալու իրավունքը, հարցեր են առաջանում, երբ անընդհատ հարցի հնարավորություն չի տրվում 168.am-ին՝ թե Կալլասի, թե նաև վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում կազմակերպված Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում հարցի հնարավորություն չտրվեց նաև «Առավոտ»-ի մեր գործընկերոջը, թեև թե մենք, թե մեր գործընկերն ԱԳՆ աշխատակցին հայտնել էինք, որ հարց ունենք բանախոսներին, ավելին՝ հայտնելով մեր հարցի բովանդակությունը:

Ասուլիսի ավարտից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը՝ նշելով, թե նախապես եղել է պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր բանախոս պետք է պատասխանի երկուական հարցի, իսկ հարց տվող լրագրողներն ուղղեցին բանախոսներին երկուական հարց, որով էլ սահմափակվեց հարց տալու հնարավորությունը:

Սակայն նման իրավիճակում, հաշվի առնելով բանախոսի կարևորությունը, ինչպես նաև մեր հարց տալու իրավունքը, հարցի հնարավորությունն առնվազն պետք է բաշխվեր համաչափ:

Ներկայացնենք նաև այն հարցերը, որոնք 168.am-ը պատրաստվում էր ուղղել բանախոսներին՝

– Տիկին Բարձր ներկայացուցիչ, վերջին տարիների ընթացքում Դուք, եվրոպացի այլ պաշտոնյաներ նշում են, որ Հայաստանն ակտիվ բարեփոխումներ է իրականացնում, ժողովրդավարացման ուղի է որդեգրել, որին ԵՄ-ն թե քաղաքական, թե ֆինանսական աջակցություն է տրամադրում: ՀՀ իշխանություններն իրենք էլ նշում են, որ ՀՀ-ն ռեգիոնում ժողովրդավարության բաստիոն է: Սակայն տեղյա՞կ եք արդյոք, որ ՀՀ իշխանությունների քաղաքական առանցքային բոլոր ընդդիմախոսներն անցնում են քրեական գործերով կամ կալանավորված են: Կալանավորված են նաև Հայ Առաքելական եկեղեցու երկու սրբազաններ, ինչպես նաև մամուլում կան հրապարակումներ այն մասին, որ այլ սրբազաններ ևս գուցե կալանավորվեն: Եվ այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված՝ Վեհարանը լքելու հորդորների ֆոնին այն դեպքում, երբ ՀՀ-ում եկեղեցին ու պետությունն անջատ են: ԵՄ-ն ՀՀ-ում բարեփոխումների այս օրակարգի՞ն է աջակցում:

– Պարոն Միրզոյան, քիչ առաջ, անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, հորդորեցիք Լավրովին և ռուս պաշտոնյաներին չմիջամտել ՀՀ ներքին գործերին: Այս ֆոնին խնդրում եմ նաև անդրադառնաք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նախօրեին X-ում արած գրառմանը, որով նա հայտնել էր Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերին, ինչը ևս, թերևս, վերաբերում էր ՀՀ ներքաղաքական զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս