Բաժիններ՝

«Եռակողմ գործընկերության մեկնարկ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի,  Սյունիքի մարզպետի աշխատակազմի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի միջև»

«Դասավանդիր, Հայաստան»-ը հպարտությամբ հայտարարում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ համագործակցության մասին՝ Սյունիքի մարզում կրթության մատչելիությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով։ Այս գործընկերությունը հնարավոր է դարձել Սյունիքի մարզպետի աշխատակազմի ակտիվ աջակցության շնորհիվ։

Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն ֆինանսական ներդրում է կատարում՝ աջակցելու «Դասավանդիր, Հայաստան»-ի կրթական ծրագրերի իրականացմանը Սյունիքի մարզում։ Այս նախաձեռնության արդյունքում ԶՊՄԿ-ն դառնում է «Դասավանդիր, Հայաստան»-ի պաշտոնական տարածաշրջանային գործընկեր՝ 2025–2026 ուսումնական տարիների ընթացքում։

ԶՊՄԿ-ի աջակցությամբ «Դասավանդիր, Հայաստան»-ը կտեղակայի որակավորված ուսուցիչ-առաջնորդներ Սյունիքի խոցելի համայնքներում՝ ուղղակի ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտի վրա և կրթության միջոցով նպաստելով կայուն, երկարաժամկետ փոփոխություններին։

«Գործընկերությունը, որի հիմքը դրվեց այսօր, ևս մեկ շոշափելի արդյունք է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի, որում ամենակարևոր ոլորտներից է կրթությունը։

Իսկ «Դասավանդիր, Հայաստան»-ի  աշխատանքներն արդեն իսկ տեսանելի են մարզում՝ հատկապես այն գյուղական դպրոցներում, որտեղ մասնագետների պակաս կար։ Բացի երեխաների համար որակյալ կրթության իրավունքն ապահովելուց, հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքը տեսանելի է հենց բնակավայրերում։

Կարևորում եմ, որ ԶՊՄԿ-ն այս փոփոխություններ բերող ծրագրի աջակիցն է, քանի որ մեր երեխաների ուսման մեջ այսօր կատարվող ներդրումը  լավ մասնագետներ ունենալու և Սյունիքի կայուն զարգացման երաշխիքն է», – ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Մենք խորապես երախտապարտ ենք ԶՊՄԿ-ի կրթությանը և սոցիալական զարգացմանը նվիրվածության համար», – ասաց «Դասավանդիր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ «Նրանց աջակցությունը ցույց է տալիս կրթության վերափոխող ուժի նկատմամբ մեր ընդհանուր հավատը։ Միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի համար ավելի լուսավոր և արդար ապագա կառուցելու ուղղությամբ»։

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական զարգացման ծրագրերում ավանդաբար մեծ դեր ունեն կրթական ծրագրերը”, ասաց ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը, ընդգծելով, որ անցյալ տարի ԶՊՄԿ-ն կրթական ամենատարբեր ծրագրերի աջակցության և իրականացման համար հատկացրել է իր բյուջեի զգալի մասը։ “Մեզ համար հատկապես առաջնային են ներդրումները մեր տարածաշրջանում՝ Կապանում, Քաջարանում և ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում։ Այդ առումով Սյունիքում «Դասավանդիր, Հայաստան»-ի ծրագիրի գործընկեր դառնալը մեզ համար և պատիվ է և ոգևորության աղբյուր։ Դասավանդիր Հայաստանը նոր մշակույթ է բերում դպրոցներ և ուրախ ենք, որ Սյունիքի դպրոցներում աշակերտները կդառնան այս բացառիկ ծրագրի մաս”, ասաց Արմեն Ստեփանյանը

Այս գործընկերությունը կարևոր քայլ է երկու կազմակերպությունների՝ հաջորդ սերնդի ուսանողների և ուսուցիչների շրջանում առաջնորդություն զարգացնելու և կրթության միջոցով համայնքները ամրապնդելու ընդհանուր նպատակի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս