
ՀՀ-ում կան լրջագույն մարտահրավերներ, զուր տեղը թող եկեղեցու բարեփոխիչի պատմուճան չհագնեն․ մենք տեսանք՝ 2018 թ․-ին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերն ինչի հանգեցրին․ Արշակ արքեպիկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկման ժամանակ շնորհակալություն հայտնեց իրավաբաններին՝ նման նախաձեռնության համար։
«Խորը ափսոսանք եմ հայտնում, որ այս օրերին, երբ մեր երկիրը պատերազմի աղետալի հետևանքները չի հաղթահարել, շարունակում է դիմակայել ծանրագույն անվտանգային փորձությունների, և տարածաշրջանում ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ, ռազմական բախումներ են, մենք ստիպված ենք զբաղվել մի հարցով, որն ուղղակիորեն ներազգային կյանքում քայքայում և հիմնախնդիրներ է առաջացնում։ Իհարկե, որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած արշավի համար։ Սա, իրապես, խիստ ցավալի է և խոսում է մի իրողության մասին, որ ՀՀ իշխանությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի կամ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության ղեկավարի գլխավորությամբ լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաքելությունը և ուղղակիորեն փորձում են իրենց անմիջական պարտականություններն իրացնելու փոխարեն՝ արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել»,-նշեց Սրբազանը։
Նա ավելացրեց, որ կարճ ժամանակահատվածում նմանատիպ մի քանի օրակարգեր են ձևավորվել.«Թաղային բարեփոխումներից հետո անցել ենք եկեղեցական բարեփոխումներին։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում այս արշավը»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատահական չի համարում իշխանության տարածած ու ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրությունների համընկնումները. «Որքան բարեհմտություն ցանկանաս դրսևորել, միևնություն է, այդ օրինաչափությունը նկատելի է»։
Սրբազան Հայրը նկատեց՝ խելամիտ բանավեճերի ժամանակը, կարծես, անցել է և երկրի ղեկավարի բառապաշարը, հռետորաբանությունը, օգտագործած բառերն այլևս ընտրություն չեն թողնում, որպեսզի դրանց տրվի իրավական գնահատական.«Ենթադրում եմ, որ իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ հնարավորություն կունենանք առողջապահական համակարգի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որն ի վիճակի է այդպիսի բառապաշար ու խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամաբ, այլ՝ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ»։
Նա ավելացրեց, որ իշխանությունների կողմից եկեղեցուն թիրախավորելը նոր բան չէ.«Այսպես կոչված, հեղափոխությունից անմիջապես հետո ի հայտ եկավ եկեղեցու դեմ պայքար։ Մեզ մեղադրում էին, որ մենք՝ եկեղեցականներս, զբաղվում ենք քաղաքականությամբ։ Սա եկեղեցին պետությունից անջատված սկզբունքի բացարձակ սխալ մեկնաբանություն է, քանի որ այդ սկզբունքն առաջին հերթին ներդրվել է պետությունն իշխանությունների ոտնձգություններից պաշտպանելու համար և ոչ թե եկեղեցուն, եկեղեցականներին հասարակական կյանքի կարևորագույն, առանցքային իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար»։