«Միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը երբևէ գնում է ուղիղ բախման՝ առանց մանրամասն հաշվարկված պլանի». Ասլանյան

Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք ամեն անգամ պարտվում ենք, երբ ազատագրվելու փոխարեն պատրաստվում ենք պաշտպանության։

Միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը երբևէ գնում է ուղիղ բախման՝ առանց մանրամասն հաշվարկված պլանի։

Նրա քաղաքական գործելաոճը երբեք չի եղել ուղղակի կոնֆլիկտային, եթե չունի բոլոր լծակները՝ գործընթացը, ի վերջո, կառավարելու և շահագործելու համար։ Ահա թե ինչու հոգևոր իշխանության՝ մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ պայքարը մեզ պետք է մտահոգի ոչ թե էմոցիոնալ, այլ ռազմավարական մակարդակում։

Փաշինյանը երբեք չի մտնում ուրիշի ստեղծած օրակարգի մեջ (ինչպես դա անում է ընդդիմության մի ստվար մասը), եթե համոզված չէ, որ կարող է այն ծառայեցնել սեփական նպատակներին։

Այս դեպքում էլ նրա նպատակը ոչ թե առերես հակադրություն ստեղծելն է, այլ Եկեղեցու ներսում պառակտում հրահրելը, օրենսդրական կամ կանոնակարգային փոփոխություններով կառույցը կառավարելի դարձնելը և, ի վերջո, վարկաբեկող արշավներով հասարակական աջակցությունը քայքայելը և հնազանդեցնելը։

Նա երբեք կողմնակիցը չէ հանրային համերաշխության և կոմպրոմիսների, իսկ իր կողմից կառավարվող գործընթացներում նա մշտապես սրման կողմնակից է` ընդհուպ մինչև պայթյուն։

Դեռ 2019-ից սկսած՝ մենք տեսել ենք, թե ինչպես են պետական ռեսուրսները գործի դրվում՝ չեզոքացնելու Սահմանադրական դատարանը, այնուհետև տարբեր դատական, պետական (ՏԻՄ) ու հանրային ինստիտուտներ։ Նույն տեխնոլոգիան այժմ կիրառվում է Եկեղեցու դեմ, սակայն փաթեթավորումը լինելու է ավելի մեղմ՝ հաշվի առնելով ՀԱԵ համահայկական և միջազգային ընկալումները։ Դրանով նա փորձելու է լեգիտիմացնել գործընթացը։

Սա է սցենարը, իմ պատկերացմամբ, որի իրականացումը պետականակործան ու ազգասասան հետևանքներ է ունենանու։

Այս ամենը համադրելով, մեր դառը փորձը աչքի առաջ ունենալով՝ ժամանակն է ձևավորելու համախմբում ոչ թե որպես պաշտպանության ռեակցիա, այլ որպես նախաձեռնող օրակարգ»։

Տեսանյութեր

Լրահոս