
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:
Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց: Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրության մեջ: