Վստահ եմ` հատուկ է արվում. մեր ենթակայության տակ չի, մեզ վրա է գցում մարաղ մտած. Ավինյան

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ քաղաքապետի ստորագրությամբ կառավարությանը և Ջրային կոմիտեին ուղարկվել է 6 կետից բաղկացած նամակ, որով առաջարկվում է վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները։

Նրա խոսքով՝ վերջին կետը վերաբերում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը։ Արեյանը նշել է, որ 2016 թվականին «Վեոլիա Ջրին» վարձակալությամբ հանձնված գույքի ցանկը թերի է եղել․ «Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա Ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա Ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանն այստեղ որևէ մեղք չունի։

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ կոյուղու հետ կապված խնդիրները ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը․ «Համոզված եմ, որ դա հատուկ է արվում»,- ասել է նա։ Ավինյանի խոսքով՝ հարցը քաղաքապետարանի իրավասության տակ չէ․ «Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա Ջրին»։ Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում։ Շնորհակալ եմ գործընկերներին։ Բայց կարծում եմ՝ սա միանգամյա ծրագիր չպետք է լինի»,- նշել է քաղաքապետը՝ շեշտելով պատասխանատվության սահմանման անհրաժեշտությունը․ «Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է, և կսկսենք պլանավորել համապատասխանաբար»։

Քաղաքապետը նշել է, որ մեկ շաբաթում գրանցվել է 400 վթար․ «Քաղաքապետարանը լուծում է խնդիրներ, որոնք իրենը չեն։ Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա, արա։ Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանն այս է, քաղաքապետարանն այն է։ Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, այս մարդն է, այս մարդն է, այս պաշտոնյան է։ Նստած է, իրեն էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Մարաղը մտած, սենց ինքը չի երևում։ Է հետո, լավ»։

Տեսանյութեր

Լրահոս