
Եկեղեցին պարտավոր է իր տեսակետը հայտնել ազգային հարցերի վերաբերյալ, մինչև որ Հայաստանում ձևավորվի իսկապես ազգային և կոմպետենտ կառավարություն. Կարեն Հարությունյան

«ՍիվիլՆեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը գրել է.
«Մի տեսակ մոդայիկ է դարձել ասել՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։
Ընդունենք, թե ոչ, հայերիս ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը մեր առաքելական հավատն է, իսկ մեր եկեղեցին մեր լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման գործում առանցքային դեր է ունեցել թե՛ բուն Հայաստանում (նաև՝ «իրական Հայաստանում»), թե՛ Սփյուռքում։
Եկեղեցին նաև մեր կենցաղի մասն է՝ ծնունդ, կնունք, հարսանիք, մահ, օրհնություն և այլն՝ անկախ հավատացյալ լինել-չլինելուց։
Այս կառավարության սխալների (մեղմ ասած) հետևանքով մեր ժողովուրդն ունեցել է Հայոց ցեղասպանությունից ի վեր ամենամեծ ազգային ողբերգությունը, կորցրել ենք հազարամյա հայրենիքի կտորը, 5000 երիտասարդ կյանք, բուն Հայաստանի սահմանները դարձել են խոցելի, քան երբևէ, ինքնիշխանությունն իջեցվել է Բաքվի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարվելուն և սեփական Սահմանադրության վերանայմանը՝ բազմաբնույթ ալիբիներով ու նորանոր մեղադրականներով։ «Մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք», «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» և այսպես շարունակ։
1920-ից ի վեր մենք գոյաբանական նման սպառնալիքի առաջ կանգնած չենք եղել, երբ սասանված են մեր գոյության ֆիզիկական ու հոգևոր հիմնասյուները։
Կրոնական հաստատություն լինելուց առաջ՝ եկեղեցին ազգային կառույց է։ Նա չի կարող լռել։
Եկեղեցին շատ ավելի ծանր պայմաններում կարողացել է առաջնորդել ազգին, հնարավորինս պահել նրան սեփական հողի վրա՝ ի տարբերություն այս կառավարության, որը ոչ միայն զոհաբերեց Արցախն իր արկածախնդիր քայլերով, այլև այն դատարկեց ու նոր հանձնեց։
Հայերեն քաղաքականություն բառն անգլերեն թարգմանվում է politics և policy:
Եկեղեցին թող չխառնվի policy-ներին, օրինակ՝
– տրանսպորտի բարեփոխման տապալված ծրագրին,
– 2019-ից ի վեր (ներդրվող) առողջության պարտադիր ապահովագրության շարունակական ձախողմանը,
– եկամուտների պարտադիր հայտարարագրմանը, որի ձախողման (հետաձգման) ազդը կլինի մի քանի ամսից,
– զինծառայության մասին նոր օրենքի նախագծին, որով սոցիալական արդարության կարգախոսներով իշխանության եկած մարդիկ ջախջախում են սոցիալական համերաշխությունը,
– կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարմանը, որ պարզապես այս կառավարության կոմպետենցիայի մեծ պակասի ցուցիչն է,
– դատաիրավական, պետական կառավարման, կրթության և տապաված շատ այլ բարեփոխումների,
– բազմաթիվ համայնքներում ընտրությունների արդյունքները չեղարկող վարչական մանիպուլյացիաներին ևն։
Բայց եկեղեցին ինչպե՞ս չբարձրաձայնի հայ գերիների հարցը, որոնց այս կառավարությունը մոռացության է մատնել ու անգամ մեղադրում է եղած-չեղած մեղքերի համար,ինչպե՞ս չխոսի Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների վերադարձի իրավունքի ու ազգային այլ հարցերի մասին։
Եկեղեցին լռելու շռայլությունը կունենար, եթե երկիրն ունենար կոմպետենտ, ազգային կառավարություն, որը ոչ թե մեղավորներ, այլ լուծումներ կորոներ։
Այնպես որ, եկեղեցին պարտավոր է իր տեսակետը հայտնել ազգային հարցերի վերաբերյալ, մինչև որ Հայաստանում ձևավորվի իսկապես ազգային և կոմպետենտ կառավարություն։
Իսկ եկեղեցու բարեփոխման, առանձին անձերի հարցերը այսպես չէ և այս կառավարության ձեռամբ չէ, որ պետք է լուծվեն»։