Մարդիկ բողոքում են «կարմիր գծերի» թանկացումից, որոշ չափով բեռնաթափում կա. Հայկ Կոստանյան

Առաջիկայում հնարավորություն կստեղծվի, որպեսզի քաղաքապետարանը հանրային ներկայացնի կարմիր գծերի մասով դատարանի որոշման դեմ քաղաքապետարանի բողոքը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հարցին՝ կա՞ն փաստեր, որոնք դրված են քաղաքապետարանի բողոքարկման հիմքում, ասենք, նշվի, որ այս ժամանակահատվածում այսքան բեռնաթափվել է Երևանի կենտրոնը, Հայկ Կոստանյանը պատասխանեց. «Այն դրույթը, որը դատարանի կողմից անվավեր է ճանաչվել, ոչ թե վերաբերվում է բուն բեռնաթափմանը, այլ արժեքին, որովհետև եթե հիմա մենք խոսում ենք տվյալ խնդրի մասին, շատերը արժեքից են բողոքում, որ թանկացավ, ոչ թե այն մասին, որ բեռնաթափման խնդիրը լուծվեց, թե չլուծվեց։

Թվային պատկերով խնդիրը ներկայացնելը դժվար է, որովհետեւ որպես այդպիսին շատ բարդ է այդ մեխանիզմը կիրառել։ Նախկինում, երբ տարեկան կայանման վճարը 12 հազար դրամ էր, տասնյակ անգամ թվերը ավելի մեծ էին, քան հիմա։ Այսինքն այդ տեսանկյունից, եթե մենք նայում ենք, այո, նաև այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն և տարեկան փաթեթները ձեռք չբերեն՝ հաշվի առնելով նաև գինը։

Այդ տեսանկյունից, այո, որոշակի բեռնաթափում կա, բայց եթե նայում ենք երթևեկությանը, խցանումներին և հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք առաջացնել իմ այս հայտարարությունը։ Այդուհանդերձ, որոշակի առումով արժեքի բարձրացումը զսպել է տարեկան փաթեթներ ձեռք բերելու և շաբաթներով, ամիսներով սեփական մեքենաները կենտրոնի տարբեր հատվածներում կայանալու խնդրից»,–ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս