Գյուղում մի տարեց կնոջ տան է կպել, պատուհանն է կոտրել, այդ տունը դիրքերին մոտ չէ, գյուղի ուղղությամբ էր․ Խոզնավարում էլի կրակել են

Մինչ իշխանական տարբեր խոսափողներ հայտարարում են, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, որ խաղաղությունը մոտ է, Սյունիքի մարզի սահմանային գյուղերում պարբերական դարձած կրակոցներն այլ բանի մասին են վկայում։

Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց՝ մայիսի 29-ին, ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

«Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- հավելել էին պաշտոնական հաղորդագրության մեջ։

Խոզնավարից Կորյունը 168․am-ի հետ զրույցում փոխանցեց՝ բնակելի տունը, որը տուժել է, միայնակ տարեց կնոջ է պատկանում։

Կարդացեք նաև

«Գյուղում մի տան է կպել․ տան պատուհանն է կոտրել, ժամը 1-ի կողմերը։ Գյուղի կենտրոնի տներից է՝ դիրքերին մոտ չէ։

Այս ընթացքում կրակոցներ միշտ եղել են, թեև քանակը քչացրել էին՝ միայն առավոտյան ժամերին էին կրակում, բայց երեկ արդեն գյուղի ուղղությամբ էր»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նկատելով նաև, որ կրակոցներից հետո պարբերաբար գյուղ են գալիս ինչ-ինչ պաշտոնական շրջանակներ՝ «բայց այնքան որ»։

Տեսանյութեր

Լրահոս