Օրենսդրորեն կարգավորվել է աշխատողի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցի կիրառվելու դեպքում աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի համար չեն սահմանվում Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, վերջինս կարող է բնակության տարածքից կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ գործատուի և աշխատողի համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Մյուս բոլոր դեպքերում, երբ վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումներն անհամատեղելի են աշխատանքի կատարման հետ, տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

Ընդ որում, տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի և աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում՝ նաև վարձատրությունը ամբողջությամբ պահպանվում են: Ինչ վերաբերում է տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքին՝ աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում:

Նախարարի տեղակալը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառի մեկից ավելի խափանման միջոցներ, որոնցից մեկը կլինի տնային կալանքը, մյուսը՝ պաշտոնավարման կասեցումը, առաջարկվում է սահմանել, որ աշխատողի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է միայն Աշխատանքային օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին տրամադրվող ամսական հատուցումը:

Ի լրումն նախագծի՝ առաջարկվում է զուգահեռաբար նաև լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածում՝ սահմանելով, որ տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը: Համանման կարգավորում նախատեսված է նաև կալանք խափանման միջոցի դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս