
Երբ շինծու քրեական գործ հարուցվեց ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ, ձեր ամբողջ հաղորդման բովանդակությունը ուղղված էր նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին թիրախավորելուն. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Բագրատ Միկոյանը հաճախ է խոսում տարբեր տեսակետների և մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ բազմաթիվ հարցերում կարող են լինել տարակարծություններ։ Դա, իհարկե, ընդունելի է և բնական։
Սակայն գոյություն ունեն հիմնարար արժեքային հարցեր, որոնցում տարակարծությունը դժվար է արդարացնել ։ Երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց բացահայտ քաղաքական բնույթի քրեական գործ և նա կալանավորվեց, Սերժ Սարգսյանը՝ հանձնարարեց իր թիմակիցներին ցուցաբերել լիակատար աջակցություն Քոչարյանին։ ՀՀԿ-ն նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ի պաշտպանություն արդեն քաղբանտարկյալ դարձած նախագահի, և հնարավոր բոլոր հարթակներում հնչեցնում էր իր դիրքորոշումը՝ դատապարտելով քաղաքական հետապնդումը։
Ցավոք, նույն սկզբունքայնությունը բացակայում էր ձեր գործողություններից պարոն Միկոյան, երբ շինծու քրեական գործ հարուցվեց ՀՀ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ոչ միայն որևէ քաղաքական գնահատական չհնչեց Ձեր կողմից՝ դատապարտելու իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ քաղաքական հաշվեհարդարը, այլև այդ նույն օրը՝ գործի հարուցման հայտարարությունից անմիջապես հետո, ձեր ամբողջ հաղորդման բովանդակությունը ուղղված էր նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին թիրախավորելուն։
Սա պարզապես մոտեցումների տարբերություն չէ։ Սա խորքային և սկզբունքային հակադրություն է քաղաքական վարքագծի, արժեքների և պետական մտածողության միջև։
Հ.Գ Մնացածը սուտ է»։