
Հայկական բեռների խնդիրը` Վրաստանում. արձագանք Թբիլիսիից

Բողոքի նախորդ ակցիայից մեկ շաբաթ անց հայաստանցի կոնյակագործներն ու գինեգործները մայիսի 21-ին Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ կրկին բողոքի ցույց են անցկացրել. պատճառը նույնն էր՝ պարզաբանումների պահանջ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման արդեն 40 օր տևող ուշացումների վերաբերյալ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ցուցարարները պնդել են՝ սա «տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ»: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարբեր առիթներով ընդունել է, որ «խնդիր կա», թեև նշել է՝ «պատճառներն իրեն էլ են անհասկանալի»: Նախարարը չի բացառել այդ նպատակով այցը Վրաստան:
Ըստ ընկերությունների ներկայացուցիչների, հայկական արտադրանք տեղափոխող բեռնատարները հաճախ կանգնեցվում են Վրաստանի սահմանին և ուղղվում Գեյզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։ Արտահանման խնդիրն առավել մտահոգիչ է դառնում` հաշվի առնելով, որ Վրաստանը հայկական ապրանքների տարանցիկ երկիր է դեպի Ռուսաստան և Բելառուս։
Խնդրի շուրջ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ հաստատեց Վրաստանի ֆինանսների նախարարության հետ, որտեղից պարզաբանեցին՝ որևէ խնդիր չկա, ընթացակարգերը չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։
Արձագանքելով հայաստանցի կոնյակագործների ու գինեգործների դիտարկմանը, թե խնդիրը հատկապես սրվել է վերջին 40 օրերին, ֆինանսների նախարարությունից պատասխանեցին՝ որևէ նոր ընթացակարգ չկա, ամեն բան նույնն է:
«Մայիսի 1-ից մինչ օրս մոտավորապես 27 մեքենա է թողնվել: Այնպես որ, փուլ առ փուլ բաց են թողնվում մեքենաները, ոչ մի խնդիր չկա, ստանդարտ սահմանային ընթացակարգեր են անցկացվում»,- ասացին Վրաստանի ֆինանսների նախարարությունից:
Նշենք, որ նման բողոքի ակցիա իրականացվել է նաև նախորդ շաբաթ, որի ընթացքում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչները խոստացել էին ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել պարզաբանումներ։
Արտադրողները շեշտել են, որ յուրաքանչյուր կանգնեցված բեռնատար օրական ընկերությանը հասցնում է մոտ 100 դոլարի վնաս։ Ըստ նրանց՝ ստուգումներն ու կանգնեցումը կարող են տևել մինչև 15 օր, սակայն շատ դեպքերում դրանք ձգվում են 20 և ավելի օր։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից Հայաստանի «Հանրային ռադիո»-ին ասել են, որ իրազեկված են հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին և մշտական կապ են պաշտպանում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ: Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ասել է՝ ՀՀ համապատասխան կառույցների հետ համակարգված` դեսպանությունն աշխատանք է տանում վրացական կողմի հետ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։
Ցուցարարների խոսքով, Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցրել են, մեքենաներից հանել են մաքսային կնիքները և անհասկանալի նպատակով իրականացրել են նմուշառում լաբորատոր փորձաքննության համար։ Արտադրող ու արտահանող ընկերությունների սեփականատերերը հիշեցրել են, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, և անհասկանալի է, թե ինչու են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Վրաստանը, ի դեմս ներկայիս իշխանության՝ «Վրացական երազանք»-ի, տնտեսական խնդիր է ստեղծում Հայաստանի համար:
Թումասյանն ընդգծեց՝ հենց Հայաստանը սկսեց մոտենալ Եվրոպային, Վրաստանը սկսեց հեռանալ Եվրոպայից ու մոտենալով Ռուսաստանին՝ փակեց Հայաստանի եվրոպական ուղին: Ըստ Թումասյանի՝ Ռուսաստանն օգտագործելով «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը՝ «Վրացական երազանք»-ին, տնտեսական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար»:
«Եթե նախկինում Վրաստանը գնում էր դեպի Եվրոպա, և Հայաստանի համար դեպի ԵՄ ճանպապարհն անցնում էր Վրաստանով, ապա «Վրացական երազանք»-ի իշխանության օրոք այդ ճանապարհը փակ է ՀՀ-ի համար: Փաստորեն, նաև դեպի Ռուսաստան տնտեսական ճանապարհն է փակ»,- ասաց Թումասյանը:
Հատկանշական է, որ Լարսը վրաց-ռուսական սահմանի միակ անցակետն է և ակտիվորեն օգտագործվում է հայկական ապրանքները Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության երկրներ հասցնելու համար։