
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։
Բեմադրությունը կլինի Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։

Ծրագիրն անվճար է, այն կանցկացվի ամռան ամիսներին երեկոյան ժամը 21:30-ին, բեմադրության ժամանակ կատարվելու է 4 երաժշտական համար:
Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։
Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են Միքայել և Կարեն Վարդանյանները: Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։