
«Այդ ո՞ր օրենքով են արվեստի դպրոցն օգտագործում ու տրամադրում, որ ՔՊ-ն ժողով անի». Չարենցավանի բնակիչներն ահազանգում են

Վաղը՝ մայիսի 17-ին, Չարենցավանում նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնողի նիստ, որին ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Թվում է, թե այստեղ զարմանալի որևէ բան չկա, քանի որ կուսակցական ժողով է, բայց չարենցավանցիներին զարմացրել է այն հանգամանքը, որ այս ժողովը տեղի է ունենում արվեստի օջախում, ավելի կոնկրետ՝ Գառզուի անվան արվեստի դպրոցում։
Այսօր Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը դիմել էր 168.am-ի խմբագրություն՝ ահազանգելով, թե նորմա՞լ է, երբ, օրինակ, կուսակցական ժողովն անցկացվում է արվեստի դպրոցում։
«Օրենքը թո՞ւյլ է տալիս արվեստի օջախում, առհասարակ կրթական օջախներում քաղաքական ժողովներ անցկացնել։
Ասում են՝ ՔՊ-ականների ու համակիրների միջև հանդիպում է, բայց այդպես չէ, լավ, ես ՔՊ-ական չեմ, բայց չարենցավանցի եմ, ես կարո՞ղ եմ ներկա գտնվել այդ հանդիպմանը, իհարկե չեմ կարող, որովհետև սա վարչության անդամների հանդիպում է։ ՔՊ-ն այստեղ գրասենյակ ունի, թե ինչու են արվեստի դպրոցն օգտագործում՝ չգիտեմ, թեպետ գիտեմ՝ երևի ուզում են գան, նկարեն, բերեն Երևան, մարդկանց ցույց տան»,- նշեց Գևորգ Հակոբյանը։
Չարենցավանի բնակիչն ասաց, որ տարբեր օջախների նախկինում դիմել են, որպեսզի անցկացնեն քաղաքական հավաք, սակայն բոլոր տեղերից իրենց մերժել են։ Բայց քանի որ ՔՊ-ն է ուզում, նրանց չեն մերժել։
«Ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր օրենքով են արվեստի դպրոցն օգտագործում ու տրամադրում են, որ ՔՊ-ն ժողով անի, եթե այդպես է, թող դպրոցներից մեկն էլ մեզ տան, մենք քաղաքական ժողով անենք, բնականաբար, չեն տալու»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Անի Գալստյանը հաստատեց, որ ՔՊ-ի ժողովը տեղի է ունենալու արվեստի դպրոցում։
«Դպրոցը ես չեմ տրամադրում, այն պատկանում է համայնքին, հետևաբար՝ համայնքն է տրամադրում՝ համայնքապետի գրությամբ։ Ինձ ուղղակի գրություն է ուղարկվել, որ այդ օրը, այդ ժամին ես տրամադրեմ իրենց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անի Գալստյանը։
Հարցին՝ գուցե վարձակալե՞լ են, վճարո՞ւմ են անում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ վճարում չեն անում, մնացածն արդեն համայնքապետարանի հետ են պայմանավորվել։
«Ինձ ուղղակի ժամ ու օր են ասել, այդքանը»,- ընդգծեց Անի Գալստյանը։