Չարենցավան Փաշինյանի այցին ընդառաջ՝ մարդկանց մեկուսացրել են՝ «Մի՛ քանդեք եկեղեցին», «Արցախը Հայաստան է» գրություններով թռուցիկների համար

Օրեր առաջ Չարենցավանի բնակիչները տեղեկացել էին, որ կիրակի օրը՝ հունվարի 18-ին, Նիկոլ Փաշինյանը գնալու էր Չարենցավան՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագի մասնակցելու համար։ Այս հանգամանքն առաջացրել էր բնակիչների զայրույթը, որոշներն էլ պատրաստվել էին բողոքի ակցիա իրականացնել։

Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանն իր ընկերների հետ որոշել էր Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ թռուցիկներ բաժանել բնակիչներին՝ «Վերադարձրեք անձնագրայինը», «Մի՛ քանդեք եկեղեցին», «Արցախը Հայաստան է» գրություններով։ Սակայն ոստիկանները նախապես իմանալով Գևորգ Հակոբյանի գործողությունների մասին, կանխել են՝ նրան և ընկերներին բերման ենթարկելով։

«Մեզ ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ պահեցին, Փաշինյանի գնալուց հետո են միայն բաց թողել, պատճառաբանում էին, թե մեր թռուցիկներն ատելության խոսք են պարունակում։ Մեզ մեկուսացրել էին, որ որևէ թռուցիկ չբաժանենք, զենք-զինամթերք էին փնտրում, բայց թռուցիկ հայտնաբերեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Հակոբյանը։

Նա փոխանցեց, որ իրենց նույն ոստիկանական բաժանմունք չեն տարել, բոլորին տարբեր տեղեր են տարել՝ հավանաբար մտածելով, որ եթե բոլորին նույն վայր տեղափոխեն, չարենցավանցիները կգան ու բողոքի ձայն կբարձրացնեն։

Կարդացեք նաև

«Մի մասին տարել էին Հրազդան, մտածում ենք՝ ինչո՞ւ ենք հասցրել Հրազդան, դու մի ասա՝ վախեցել են մարդկանց հավաքից։

Բա մի թռուցիկի համար մարդուն 6 ժամ կպահեն անազատության մե՞ջ։ Մարդիկ կարողանում են, չէ՞, Փաշինյանին նամակ տան, թող մտածեին՝ դա էլ մեր նամակն է իրեն։

Չարենցավանում մարդիկ բազմաշերտ են, տարբեր կերպ են մտածում, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գալու դեմ զայրույթը մեծ էր։

Մենք ի սկբանե ասել էինք, որ նա չպետք է գա մեր եկեղեցի ու պղծի։ Մեզ մոտ շատ կուսակցություններ կային, որոնք կարող էին իրենց բողոքի ձայնը բարձրացնեին Նիկոլ Փաշինյանի գալու դեմ, լավ, եթե չեն արել, գոնե հիմա է պետք միավորվել ու միասնական ճակատով հանդես գալ։

Ովքեր առողջ են դատում, մենք նրանց կողքին կանգնած ենք, պետք է այս ռեպրեսիաներին միասնական դիմակայենք, ինչն իշխանության համար դժվար կլինի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Չարենցավանի հոգևորական Տեր Համազասպին, որին չարենցավանցիները հորդորել էին չմիանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քայլերին, բոլոր չարենցավանցիները նրա կողքին կկանգնեն։

Գևորգ Հակոբյանը փոխանցեց, որ հոգևորականին չի հաջողվել դեռևս տեսնել, սակայն կարծում է՝ նա ճնշումների տակ է գնացել նման քայլի։

«Այս երկրում շատ իշխանություն է եկել ու գնացել, ՔՊ-ի ժամանակն էլ կանցնի, մենք ենք մնալու այս երկրում ու մենք ենք տեր կանգնելու այս երկրին։ Դրա համար եմ ասում, որ պետք է միասնական լինենք»,- ընդգծեց Գևորգ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս