
Հայաստանը Ղազախստանին է հանձնել սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին

Հայաստանը Ղազախստանին է հանձնել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2024 թվականին Հայաստանը 2 հետախուզվող քաղաքացու էր հանձնել Ուզբեկստանին ու Ղազախստանին։
Նրանցից մեկը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և պահելու, մյուսը` առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: