«Թուրքն ամեն օր Սևանն է ցույց տալիս ուղիղ եթերում, ձեզ չի՞ հետաքրքրում, թե որտեղի՞ց է ցույց տալիս. Եկել-հասել են Մասրիկ, նստել են բարձունքում»

1992 թվականին մայիսի 8-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշին ազատագրվեց։ Շուշիի ազատագրումը մեծ դեր խաղաց նաև Արցախի մյուս օկուպացված տարածքների ազատագրման համար։

Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը վստահ է՝ Շուշիի ու Արցախի մյուս տարածքների ազատագրմանը նպաստեցին նաև Ադրբեջանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացները, քանի որ այնտեղ ցանկանում էին հեռացնել Էլչիբեյին, հետո Մութալիբովի հարցն էր, հետո իշխանության եկավ Հեյդար Ալիևը։

«Ցավոք, Շուշիի օպերացիային ինքս չեմ մասնակցել, քանի որ Իվանյանում վիրավորվել էի և իմ վիրավորվելուց 3 օր անց իմացա, որ Շուշին ազատագրված է։ Շուշին հեշտ ազատագրվեց՝ օպերացիան լավ մշակված էր, չսպասվող տեղերից է եղել հարվածները, թշնամին խուճապի էր մատնվել։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Շուշին օկուպացված էր, Արցախը պահելու ճանապարհներ կային, բայց մտածված ՀՀ իշխանությունը չպահեց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, երբ Շուշին արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էր, հասկանում էր, որ խնդիրն Արցախի մնացած հատվածների պահելն էր, իսկ դրա համար հայկական վերահսկողության տակ պետք է մնար Քարվաճառը, որը ռազմավարական տարածք էր, սակայն ՀՀ իշխանությունը 44-օրյա պատերազմից գրեթե 2 շաբաթ անց հանձնեց Ադրբեջանին։

«Անձամբ եմ դիմել մի քանի բարձրաստիճան մարդկանց, ասել եմ՝ եկեք պահենք Արցախի լեռնային շրջանները, մասնավորապես՝ Քարվաճառը, մեր փրկությունը դա է։ Ադրբեջանն այլևս ի վիճակի չէր պատերազմելու, մասնավորապես՝ Քարվաճառում, իրենք հարթավայրերով էին եկել, լեռնայինում դժվար կլիներ առաջ գալը։

44-օրյայի ժամանակ թշնամին 1 մետր նույնիսկ չի կարողացել առաջ գալ։ Մերոնց անփութության պատճառով 1 դիրք էին գրավել, որը 2 ժամ հետո հետ ենք բերել։

Ասել եմ՝ Քարվաճառը տալով, ամբողջ Հայաստանը վարի եք տալու, այս կողմից Վարդենիսին են խփելու, մյուս կողմից՝ Ջերմուկին ու Ճամբարակին։ Ինձ պաշտոնյաներից մեկն ասաց՝ Աշոտ, տունդ Քարվաճառում է, դրա համա՞ր ես ուզում պահենք։ Այդ մարդն արդեն պաշտոնի չէ, հիմա ինձ ասում է՝ դու այն ժամանակ ճիշտ էիր ասում»,- շեշտեց նա։

Ըստ նրա, երբ Շուշիից հետո հանձնվեց Քարվաճառը, Արցախը հայտնվեց Ադրբեջանի շրջափակման մեջ։

«Հայաստանի գլխավոր խեղկատակի ու իր խորհրդատուների ձեռքով Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ։ Գործից հասկացող մարդու համար այս ամենը պարզ էր։ Իմ առաջարկը կյանքի կոչելու համար ունեինք ռեսուրս, ու Արցախի պահելը, հավատացեք, հեշտ կլիներ։ Լեռնայինում Ադրբեջանը չէր կարողանալու տարածք գրավել, զոհեր տալով՝ հետ էր գնալու։

Շուշիի հարակից բարձունքներում մենք էինք նստած, դա էլ հանձնեցին ու մեզ ասում են՝ հնարավոր չէր Արցախը պահել։ Պարզ է՝ նման ղեկավարություն ունենալու դեպքում հնարավոր չէր, որովհետև իրենք իրենց ձեռքով էին տալիս։

Հաշվարկված Արցախը տվեցին, Արցախի երկրորդ ճանապարհը փակեցին ու մարդկանց մտցրեցին տուպիկի մեջ, հետո տեսան, որ չէ՝ արցախցիները չեն փախչում, գնացին բացահայատ հայաթափման»,- հավելեց Աշոտ Սևյանը։

Նա կոչ արեց, որպեսզի մարդիկ գնան Վարդենիս և տեսնեն, թե ինչ է կատարվում. կատարվում է այն, որ Արցախի սցենարը տեղի է ունենում Հայաստանում։

«Թուրքն ամեն օր Սևանն է ուղիղ եթերում ցույց տալիս, ձեզ չի՞ հետաքրքրում, թե որտեղի՞ց է ցույց տալիս։ Եկել-հասել են Մասրիկ, նստել են բարձունքում։ Միֆերով են ապրում։

Հիմա մոռացել են Շուշիի ազատագրման հերոսներին, զոհված տղաներին, չգիտեմ՝ թշնամու թելադրանքո՞վ են անում, թե՞ մոռանալը նաև իրենց սրտով է»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս