
Հայաստանի կայունությունը, հաջողությունը և առաջընթացը բխում է Վրաստանի շահերից․ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Թբիլիսին անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։
«Իմ գործընկերոջ (խմբ․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան) հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վրաստանի շահերից է բխում Հայաստանի կայունությունը, հաջողությունը և առաջընթացը»,-նշել է Վրաստանի նախագահը։
Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։
«Ցանկանում եմ անձամբ իմ և վրաց ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կայուն և անսասան աջակցության համար»,-ընդգծել է Միխեիլ Կավելաշվիլին։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և վերանայվել են Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։
«Մեր վարած քաղաքականությունը խաղաղությանը և կայունությանը նպաստելն է։ Մենք հանձնառու ենք հակամարտությունների խաղաղ կարգավորման քաղաքականությանը, որը հիմնված է Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջափակված 2 շրջանների ապաշրջափակման և շրջափակման հետևանքով բաժանված բնակչության միջև հաշտեցման ու համագործակցության նպատակների վրա»,-շեշտել է Վրաստանի նախագահը։