Բաժիններ՝

Թրամփը կարող է կրճատել Աֆրիկայում Պետդեպի և ԱՄՆ դեսպանատների գործունեությունը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն հաջորդ շաբաթ հրամանագիր ստորագրել, որը նախատեսում է Պետդեպարտամենտի մասշտաբային վերակազմավորում, ներառյալ աֆրիկյան մայրցամաքում դիվանագիտական գործունեության դադարեցումը և մի շարք դեսպանատների ու հյուպատոսությունների փակումը: Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով 16 էջանոց նախագծին:

Սպիտակ տան նախաձեռնության համաձայն՝ բարեփոխումն ուղղված է արտաքին քաղաքական գերատեսչության «կարգավարժ վերակազմակերպմանը», ծախսերի կրճատմանը, ինչպես նաև վատնումների, խարդախությունների ու չարաշահումների դեմ պայքարին: Հրամանագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հոկտեմբերի 1-ը դադարեցնել «ոչ էական» դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում: Մշտական ներկայության փոխարեն նախատեսվում է դիվանագետներին տարածաշրջան ուղարկել «թիրախային առաքելությունների» կազմում։

Բացի այդ, կարող է լուծարվել Աֆրիկայի գործերի բյուրոն․ այդ կառույցը պատասխանատու է տարածաշրջանում քաղաքականության մշակման համար։ Բարեփոխումը կվերաբերի նաև Պետդեպարտամենտի կենտրոնական վարչակազմին. նախատեսվում է կրճատել այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության, միգրացիայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով:

NYT-ի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է վերացնել տարածաշրջանային բյուրոները, որոնք ավանդաբար համակարգում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը աշխարհի տարբեր մասերում: Դրանց կփոխարինեն չորս նոր կառույցներ՝ այսպես կոչված կորպուսները, որոնք կխմբավորվեն ըստ աշխարհագրական հատկանիշի՝ Եվրասիա, Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Օրինակ՝ Եվրասիայի կորպուսը կընդգրկի Եվրոպան, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները։

Նախագծի մի առանձին կետ էլ վերաբերում է արհեստական բանականության ներդրմանը աշխատանքային փաստաթղթեր կազմելու և գերատեսչության գործունեությունը պլանավորելու համար։

Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է զգալիորեն փոքրացնել Պետդեպարտամենտի աշխատակազմը՝ կրճատելով դիվանագետների, արտասահմանյան ներկայացուցչությունների և գերատեսչության գործունեության ոլորտների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս