
«Եթե կռված չլինեին, նոյեմբերի 9-ը կլինե՞ր, մեր խոսքերին պետք է ուշադիր լինենք». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին։
«Ես կասեմ հետևյալը՝ դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, այդ օրը կամ հաջորդ օրն ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ հնչեղ բացահայտումներ կլինե՞ն, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ սենսացիաներ չպետք է ման գան, փոխարենը՝ պետք է փնտրեն հետևանքների վերացման խնդիրների բացահայտում։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, որոշել են զեկույցն այդ օրը հրապարակել, քանի որ սիմվոլիկ ու ճիշտ օր է, նաև կրքերը շատ հանգստացած կլինեն։
Լրագրողներն Անդրանիկ Քոչարյանից նաև հետաքրքրվեցին, թե, օրինակ, ինչպես է վերաբերվում իր գործընկեր Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, որ արցախցիները չեն կռվել, ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Ես գիտեմ, որ պարոն Սուքիասյանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որ թվի մեջ սխալվել է, և պետք է հնչեր 210, հնչել է 10։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ՝ մեր ցանկացած խոսքի նկատմամբ պետք է ուշադիր լինենք, և այդ խոսքը չպետք է նսեմացնի մեր որևէ գործողություն։
Եթե չկռվեին, առհասարակ մեր ժողովուրդը, մեր պաշտպանական ամբողջ համակարգը եթե իր առջև դրված խնդրի լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր։ Նոյեմբերի 9-ը նաև արդյունք է նրան, որ մենք զոհեր տալով՝ հակառակորդին չթողեցինք, որ իր հաջողությունները զարգացնի, ու ունենանք շատ ավելի աղետալի վիճակ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում