Ուրանի հարստացումը, որպես իր միջուկային ծրագրի մաս, քննարկման ենթակա չէ. Արաղչի

Պաշտոնական Թեհրանը պնդում է՝ Իրանի ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ ուրանի հարստացումը դադարեցնելու Թեհրանին ուղղված կոչին։

«Մենք պատրաստ ենք վստահություն կառուցել հնարավոր մտահոգություններին ի պատասխան, բայց հարստացման հարցը քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

Թեհրանից ու Վաշինգտոնից այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին։ Օմանում կայացած առաջին քննարկումներից հետո ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է՝ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակներում «պետք է դադարեցնի և հրաժարվի» ուրանի հարստացումից։ Նախկինում Վաշինգտոնը Իրանից պահանջում էր վերադառնալ 3.67 տոկոս հարստացման մակարդակին։

Արտգործնախարար Արաղչին դատապարտել է Թրամփի վարչակազմի նոր պահանջները՝ դրանք որակելով «հակասական դիրքորոշումներ»։

Տեսանյութեր

Լրահոս