Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի միջոցները՝ 2,2 մլրդ դոլարի չափով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի մի քանի տարվա դրամաշնորհները՝ 2,2 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև մի քանի տարվա պայմանագիրը՝ 60 միլիոն դոլարի չափով, այն բանից հետո, երբ համալսարանը մերժել է Սպիտակ տան ներկայացրած մի շարք պահանջներ։

Այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Ապրիլի 14-ին Հարվարդի համալսարանը հայտարարել էր, որ մերժում է ԱՄՆ վարչակազմի պահանջները՝ փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ։

«Համալսարանը չի հրաժարվի իր անկախությունից կամ սահմանադրական իրավունքներից», – նշվել է Հարվարդի նախագահ Ալան Մ. Գարբերի հայտարարության մեջ։ 

Անցյալ շաբաթ համալսարանը նամակ էր ստացել Սպիտակ տան վարչակազմից, որտեղ լրացուցիչ պահանջներ էին ներկայացված, այդ թվում՝ փոփոխություններ իր կառավարման ձևում, աշխատանքի ընդունման գործելակերպում, ընդունելության ընթացակարգում, հավասարության, բազմազանության և ներառականության ծրագրերում։

Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարանների սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ, եթե նրանք չփոխեն իրենց քաղաքականությունը։ CNN-ը նշում է, որ Հարվարդի համալսարանի այս քայլը, փաստորեն, առաջին դեպքն է, երբ նման հեղինակավոր հաստատությունը մերժում է Սպիտակ տան պահանջները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս