
«Ուղղակի խայտառակություն կլինի, եթե հայ ժողովուրդն ընդունի Ադրբեջանի ցանկությամբ Սահմանադրություն». Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի և Սերդար Քըլըչի հայտարարությունների վրա՝ ընդգծելով, որ արդեն միջազգային հարթակներում բաց ֆորմատներում է արձանագրվում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, որն իրականացնում է գործող իշխանությունը:
«Կա ըմբռնում, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել, ՀՀ-ն ընդունել է, և խնդիրն այն է, թե դա ինչպես պետք է իրականացվի: Բոլորն են շատ լավ հասկանում, որ դա և՛ տեխնիկական առումով, և՛ բովանդակային առումով բավականին բարդ գործընթաց է, դրա համար իրենք խնդրահարույց են տեսնում՝ դա ինչպես պետք է իրականացվի»,- ասաց նա:
Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է Սահմանադրության փոփոխությունն անելուց հետո խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նա հիշեցրեց Արցախի վերաբերյալ իշխանությունների խոսույթը. «Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, բայց տեսնում ենք՝ տարածքային ինչպիսի հերթական պահանջներ են ներկայացվում ՀՀ-ին: Դա ուղղակի խայտառակություն կլինի, եթե հայ ժողովուրդն ընդունի Ադրբեջանի ցանկությամբ Սահմանադրություն: Նույնիսկ, եթե դա տեղի ունենա, ադրբեջանական պահանջների ցանկը շատ մեծ է, որևէ տեղ Ադրբեջանը չի կանգնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում