
Սունդուկյանի անվան թատրոնը «Գոյի» իրավահաջորդ չի ճանաչվի. դատարանը որոշում է կայացրել

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը վերադարձրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը։ Այս մասին գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024 թվականին որոշում է կայացրել, որ «Գոյ» թատրոնը պետք է միացվի Սունդուկյանի անվան թատրոնին։
Գերատեսչությունը որպես հիմք նշել էր, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը, բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն: «Գոյի» ողջ անձնակազմը այդ ժամանակվանից դեմ է արտահայտվել այդ որոշմանը, նույնիսկ նստացույցեր արել։
Սարգիս Արզումանյանն ընդգծել է` դատարանի նույն որոշմամբ սահմանվել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։
«Սա նշանակում է՝ «Գոյ» թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, և սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։ Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել «Գոյի» իրավահաջորդը, այսինքն՝ մեզ փոխարինել, բայց դատարանն ասաց՝ ոչ։ Սա հաղթանակ է ոչ միայն «Գոյ» թատրոնի, այլ նաև ողջ մշակութային համայնքի համար։ Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի»,– գրել է Արզումանյանը։
Ռեժիսորը վստահեցրել է` այնուամենայնիվ, պայքարը դեռ ավարտված չէ, և առջևում է գործի բովանդակային քննությունը։