
Վիլեն Գաբրիելյանին փոխարինողը, կամ՝ մի «Բուռանի» պատմություն

Արդեն հայտնի է, որ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն՝ ՔՊ նոր պատգամավորն Արտյոմ Մեհրաբյանն է, ով իշխանափոխությունից հետո եղել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն:
Իսկ 2022 թվականի մայիսի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեհրաբյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, և 2024 թվականի հունվարի 25-ին, ըստ էության, նա վերանշանակվել էր, եթե հաշվի առնենք ոչ միայն Փաշինյանի 2022 թվականի նշանակման որոշումը, այլև այն, որ ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում, որպես Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ՝ ԱՄԷ-ում մասնակցել է «IDEX 2023»-ին:
Իսկ 2024 թվականի հունիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել սույն թվականի հուլիսի 1-ից Արտյոմ Մեհրաբյանին ազատել Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Թե որքանո՞վ է արդյունավետ աշխատել վերոնշյալ պաշտոնում ՔՊ նոր պատգամավորը և որքանո՞վ է ռազմարդյունաբերությունը շահել նրա պաշտոնավարումից, կարելի է ենթադրել։
Իսկ մինչ այդ հիշեցնենք մի դրվագ Մեհրաբյանի՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանը ղեկավարելու օրերից: Եվ այսպես:
«ԱրմՀայԹեք-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, իշխանամերձ շրջանակները սոցցանցերում տարածեցին ռուսական արտադրության «Բուռան» բազմաֆունկցիոնալ լիաքարշակ զրահապատ մեքենաների լուսանկարները՝ գրելով, թե արտադրված է Հայաստանում, և որպես, այսպես ասած, արտադրման վայր՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարան:
Ի դեպ, հայկական տարբերակի անունը «Լուսան» էր: Սոցցանցերում տարածված լուսանկարները վերցված էին «Լուսան»-ի պաշտոնական կայքից:
Ավելի ուշ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի այդ ժամանակվա տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել էր, որ շասսիները, շարժիչները, խոշոր հանգույցները ստանալու են ՌԴ-ից, իսկ այստեղ զրահապատ մեքենան ընդամենը հավաքվելու է, և, որ համագործակցությունը ռուսական «Ռիդա» գործարանի հետ է լինելու, որը զբաղվում է զրահապատ մեքենաների արտադրությամբ, այդ թվում՝ «Բուռանի»:
Դեռ 2021թ․ մարտի 6-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Արտյոմ Մեհրաբյանը նշել էր, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունեն՝ արտադրելու զրահապատ մեքենաներ:
Նշենք, որ 2020թ․ ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը որոշել էր, որ մի շարք ռազմավարական նշանակության կազմակերպությունների կառավարումը, այդ թվում՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի, պետք է իրականացնի ՀՀ ԲՏԱ նախարարությունը:
Եվ երբ 2022 թվականի մայիսին Արտյոմ Մեհրաբյանը նշանակվեց ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, 168.am-ը փորձեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից պարզել՝ արդյոք կնքվե՞ց խոստացված պայմանագիրը ռուսական գործարանի հետ, թե՞ ոչ, որտեղից մեզ կարճ պատասխանել էին. «Ներկա պահին մենք մեկնաբանություն չունենք»:
Եվ քանի որ, ինչպես հայտարարվել էր, ընկերության հիմնական պատվիրատուն լինելու էր ՊՆ-ն, փորձել էինք «Բուռանի» կամ «Լուսան»-ի վերաբերյալ տեղեկություն ստանալ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից, բայց նրանք ևս զերծ էին մնացել տեղեկություն տրամադրել:
Իսկ Արտյոմ Մեհրաբյանը, թերևս, Վիլեն Գաբրիելյանի փոխարեն դառնալու է նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Արդյոք նա հանձն կառնի՞ Գաբրիելյանի մշակած օրենքի նախագծերն օրենքի վերածելու պատասխանատվությունը, հատկապես, երբ դրանց թվում կա նաև «Ռազմական նշանակության արտադրանքի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակ՝ ցույց կտա ժամանակը։ Նաև պարզ կդառնա, թե ինչպես դա կանի, արդյո՞ք կկրկնվի «Բուռանի» կամ «Լուսանի» պատմությունը…