ԲՏԱ-ն ասելիք չունի հայկական «Բուռանի»՝ «Լուսան» զրահապատ մեքենայի արտադրման կամ հավաքման գործարքի մասին

«ԱրմՀայԹեք-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, իշխանամերձ շրջանակները սոցցանցերում տարածեցին ռուսական արտադրության «Բուռան» բազմաֆունկցիոնալ լիաքարշակ զրահապատ մեքենաների լուսանկարները՝ գրելով, թե արտադրված է Հայաստանում: Իսկ, այսպես ասած, արտադրման վայրը՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարան:

Ի դեպ, հայկական տարբերակի անունը «Լուսան» է: Սոցցանցերում տարածված լուսանկարները վերցված էին «Լուսան»-ի պաշտոնական կայքից:

Ավելի ուշ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի այդ ժամանակվա տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել էր, որ շասսիները, շարժիչները, խոշոր հանգույցները ստանալու են ՌԴ-ից, իսկ այստեղ զրահապատ մեքենան ընդամենը հավաքվելու է, և, որ համագործակցությունը ռուսական «Ռիդա» գործարանի հետ է լինելու, որը զբաղվում է զրահապատ մեքենաների արտադրությամբ, այդ թվում՝ «Բուռանի»:

Դեռ 2021թ․ մարտի 6-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Արտյոմ Մեհրաբյանը նշել էր, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունեն՝ արտադրելու զրահապատ մեքենաներ:

Նշենք, որ 2020թ ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ մի շարք ռազմավարական նշանակության կազմակերպությունների կառավարումը պիտի իրականացնի ՀՀ ԲՏԱ նախարարությունը, այդ թվում՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի:

Հաշվի առնելով նաև, որ Արտյոմ Մեհրաբյանն այսօր ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն է, 168.am-ը փորձեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից պարզել՝ արդյոք կնքվե՞ց խոստացված պայմանագիրը ռուսական գործարանի հետ, թե՞ ոչ, որտեղից մեզ կարճ պատասխանեցին. «Ներկա պահին մենք մեկնաբանություն չունենք»:

Եվ քանի որ, ինչպես հայտարարվել էր, ընկերության հիմնական պատվիրատուն լինելու է ՊՆ-ն, առաջիկայում կփորձենք «Բուռանի» կամ «Լուսան»-ի վերաբերյալ տեղեկություն ստանալ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս