Փաշինյանական հերթական բառախաղ-մանիպուլյացիայի և նախկինների կատարած և մոռացված ռազմաարդյունաբերական աշխատանքների մասին

«ԱրմՀայԹեք-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, իշխանամերձ շրջանակները սոցցանցերում տարածեցին ռուսական արտադրության «Բուռան» բազմաֆունկցիոնալ լիաքարշակ զրահապատ մեքենաների լուսանկարները՝ գրելով, թե արտադրված է Հայաստանում: Իսկ, այսպես ասած, արտադրման վայրը՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարան:

Ի դեպ, հայկական տարբերակի անունը «Լուսան» է: Սոցցանցերում տարածված լուսանկարները վերցված էին «Լուսան»-ի պաշտոնական կայքից:

Ավելի ուշ, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել էր, որ շասսիները, շարժիչները, խոշոր հանգույցները ստանալու են ՌԴ-ից, իսկ այստեղ զրահապատ մեքենան ընդամենը հավաքվելու է:

Համագործակցությունը ռուսական «Ռիդա» գործարանի հետ է լինելու, որը զբաղվում է զրահապատ մեքենաների արտադրությամբ, այդ թվում՝ «Բուռանի»:

2021-ի մարտի 6-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը նշել էր, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունեն՝ արտադրելու զրահապատ մեքենաներ:

Իր այս հարցազրույցում Մեհրաբյանն ասել էր, որ պատերազմի ժամանակ պետությունն իրենց աջակցել է՝ նշելով, որ պատերազմի ընթացքում ավելի քան 40 զինատեսակ են վերանորոգել: Կարճ ասած՝ գործարանը վերելք է ապրում, տեղի է ունեցել աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում և այլն:

Չարենցավանի հաստոցաշինական գործարանը՝ նախկին իշխանությունների օրոք

Այս համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել նախկին իշխանությունների օրոք գործարանի կատարած կարևորագույն մի քանի աշխատանքների մասին:

2012-ին Հայաստանի «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվեցին շրջանակային պայմանագրեր։

«Ուրալվագոնզավոդ» ընկերությունը զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է Ռուսաստանում, որը մասնավորապես զբաղվում է տանկերի արտադրությամբ, արդիականացմամբ և նորոգմամբ։

2015-ին արդեն ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արդեն նախագծվում և արտադրվում էր գործարանում: Ավելին, գործարանում հասցրել էին յուրացնել զրահատեխնիկայի, հրետանային ու հատուկ տեխնիկայի մոտ 5500 դետալ, իհարկե, 70 տոկոսը բաժին էր ընկնում տանկերին:

Գործարանում նաև Դ-30 հրանոթը մեխանիկական դանկրատից դարձնում էին հիդրավլիկ, որը հաշվարկին թույլ էր տալիս ավելի արագ մարտական դիրքի բերել:

Գործարանում արդիականացնում էին ԲՄ 21 գրադ կայանները, մասնավորապես, բենզինային շարժիչները ձևավափոխում էին դիզելայինի, որը բարձրացնում էր մեքենայի հզորությունը, կրակային մասն էին ամբողջովին նորոգում: Բնական է, գործարանի կատարած աշխատանքներն այսքանով չէին սահմանափակվում:

Մի փոքր շեղվելով բուն թեմայից և նախկինում կատարված ռազմական ծրագրերի տրամաբանության համատեքստում նշենք, որ «ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսի ժամանակ հայկական «Արագած» ընկերությունից հայտնել էին, որ հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն էր տալու 5500 մետրի վրա նկատել հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա՝ հակառակորդի զրահատեխնիկայի շարժը:

Ընկերությունն արտադրել էր նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն էր տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինվա՞ծ է, թե՞ ոչ:

«Օրինակ, այս սարքով մառախուղի ժամանակ մենք կարող ենք 1000-1500 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն ավելի մեծ հեռավորությունից կարող ենք տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռևս համալրված չէ: Այս պահին փորձարկումներ են ընթանում, երբ դրանք ավարտվեն, կարծում եմ, մեր զինված ուժերը կհամալրվեն նաև այս սարքերով»,- մանրամասնել էր «Արագած» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղարիբյանը:

Արդյոք համալրվե՞ ց այս սարքերով բանակը, կփորձենք պարզել:

Իսկ մինչ այդ վերադառնանք «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ին և գործող ղեկավարին:

2020-ի ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ մի շարք ռազմավարական նշանակության կազմակերպությունների կառավարումը պիտի իրականացնի ՀՀ ԲՏԱ նախարարությունը, այդ թվում՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի:

2020 թ.-ի դեկտեմբերի դրությամբ, ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ բաժնետիրական ընկերության բաժնետերերը ՀՀ իրավաբանական և ֆիզիկական անձինք են: Այսինքն, 71.612 բաժնետոմսերը (տեղաբաշխված բաժնետոմսերի 80 տոկոսը) հանդիսանում է պետական սեփականություն և տնօրինում է ԲՏԱ նախարարությունը, իսկ մնացած 20 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է անհատույց սեփականաշնորհման մասնակիցներին (ըստ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված սեփականատերերի ցուցակի՝ թվով 1306 ֆիզիկական անձ):

Իսկ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում՝ 101-րդը:

Ի դեպ, 2021-ի մարտի 1-ին մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Մեհրաբյանն աշխատանքից ազատել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է հանդիսացել և հրաժարվել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերության եթերում Մեհրաբյանը հերքել էր տեղեկությունը, այսինքն, ներկայացրել էր իր տարբերակը:

«Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- ասել էր նա:

Ի դեպ, Մեհրաբյանը ողբերգություն չէր համարել, որ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ ներկայացել է բուկլետներով, որը խոսում է պատասխանատուների առնվազն ոչ կոմպետենտ լինելու մասին:

Ինչ վերաբերում է «Լուսանին», ապա զրահապատ մեքենա «հավաքելու» մեջ վատ բան չկա, պարզապես պետք է անել, նոր միայն գլուխ գովալ, և հետո կատարվելիք աշխատանքն իր անունով կոչել, չմանիպուլյացնել հասարակությանը: Սա հատկապես ծիծաղելի է, երբ լեռնային գոտում մարտական հերթապահություն կազմակերպող զորամիավորումը սեփական ձնագնացը չունի և ստիպված է վարձակալել:

Տեսանյութեր

Լրահոս