Ֆիլմարտադրողը կարող է ստանալ ներդրվող դրամական ծախսերի մասնակի վերադարձ՝ 10-40 տոկոսի չափով

ՀՀ-ում ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 %-ի վերադարձի հնարավորություն կլինի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019–2024 թթ. կազմել է միջինում 309 մլն դրամ, նույն ժամանակահատվածում ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինը 655 մլն դրամ։

Նրա խոսքով` ոլորտում կա հետարքրքվածություն ու պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ` համատեղ ֆիլմարտադրության և ՀՀ-ում ֆիլմեր նկարահանելու համար։

Անդրեասյանի խոսքով՝ միջազգային փորձն ուսումնասիրելով հասկացել են, որ ֆիմարտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը։

Այդ իսկ պատճառով նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի` օտարերկրյա և հայկական արտադրողները համատեղ, ինչպես նաև ՀՀ–ում ֆիլմ նկարահանելու դեպքում կարող են հայտ ներկայացնել ու հետ ստանալ իրենց կատարած ներդրումների մի մասը։ Միակ պայմանն այն է, որ անհրաժեշտ ամբողջ տեխնիկան և մյուս պարագաները պետք է ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։

Ըստ այդմ` այս եղանակով հնարավոր է վերադարձնել ներդրումների մինչև 25 տոկոսը։ Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ներդրումների հավելյալ` մինչև 10 տոկոսի վերադարձ, եթե նկարահանվող ֆիլմերում ՀՀ–ի հանրահռչակման տարրեր առկա լինեն։

«Մեր այս առաջարկը միջազգային շուկայում մեզ ավելի մրցունակ է դարձնում` մյուս երկրների առաջարկի հետ համեմատ։ Խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն ՀՀ հանրահռչակման։ Այսինքն, Հայաստանին այնպիսի անդրադարձ պետք է լինի, որը արժևորի ու ներկայացնի, տեսանելի դարձնի մերօրյա ՀՀ տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն։ Սա նաև զբոսաշրջության խթանման և նաև երկրի տեսանելիության բարձրացմանն ուղղված քայլ է»,- ընդգծեց նա։

Ժաննա Անդրեասյանն ավելացրեց, որ այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը և ոլորտում ակտիվացնել տնտեսական գործունեությունը, նպաստել հավելյալ եկամուտերի գեներացմանը, ՀՀ-ում կինոմասնագետների մրցունակության, ինչպես նաև ֆիլմարտադրության բարձրացմանը։

 

Տեսանյութեր

Լրահոս