Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում աշխատում են ռոումինգում արդար սակագներ սահմանելու ուղղությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարևոր է համարում ԵԱՏՄ-ի ռոումինգում շարժական կապի միասնական արդար սակագնի սահմանումը, այդ թվում՝ միության տարածքում տվյալների փոխանցման սակագների էական նվազեցումը։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հայտարարել է Զբոսաշրջության բելառուսառուսական III կոնգրեսում։

«Առկա է Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ռոումինգի արդար սակագների շուրջ համաձայնության ձեռքբերման խնդիր: Սա այն ուղղությունն է, որը մենք պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի տարածքում, այսինքն՝ ռոումինգում շարժական կապի ծառայություններն առավելագույնս հասանելի դարձնել զբոսաշրջիկների, նրանց համար, ովքեր ճանապարհորդում են միության ողջ տարածքում», – ասել է ԵՏՀ-ի նախարարը:

Երմոլովիչը տեղեկացրել է, որ ԵՏՀ-ն մշակել է ռոումինգում արդար սակագներ կիրառելու կանոնները։«Մենք շարունակում ենք համաձայնեցնել այդ կանոնները, որպեսզի պայմաններ ստեղծենք բնակչության համար բջջային կապի օպերատորների կողմից միասնական արդար սակագնի սահմանման, մեր քաղաքացիների համար ռոումինգի ծառայությունների արժեքի նվազման հասնելու համար։ Նաև առկա է ռոումինգում տվյալների փոխանցման սակագների էական նվազեցում ապահովելու խնդիրը, – ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը։

– Այդ գործընթացը կշարունակվի նաև եվրասիական ինտեգրացման զարգացման նոր ռազմավարության շրջանակներում: Խնդիրը պետք է լուծվի»։

Նա հիշեցրել է, որ այս հարցում «Բելառուսից և Ռուսաստանից մեր գործընկերները բավականին մեծ հաջողությունների են հասել՝ համակարգային համաձայնության հասնելով ռոումինգի վերացման հարցերում»։

Այս տարվա մարտի 1-ից Միութենական պետության տարածքում սկսել են գործել կապի և տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու հարմարավետ սակագներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս