Պետք է սկսել այդ մարդկանց վերադարձնել «սովորական» հայերի վիճակին․ Արման Աբովյան

Իրականում ամեն ինչ շատ պարզ էր դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից  Հենց այդ ժամանակ հստակ ուրվագծեցին սահմանները հասարակության մեջ։

Հասարակության մի մասի համար պատերազմի վերսկսման ֆոբիան, անձնական կոմֆորտը, համեղ սնունդը, կենցաղային հարմարությունները դասվեցին ավելի կարևոր, քան պատիվը, արժանապատվությունը, ինքնահարգանքը և, ի վերջո` Հայրենիքը:

Մյուս մասի համար Հայրենիքի կորուստը դարձավ անձնական ողբերգություն։

Ընդ որում, երբ ասում ենք Հայրենիք, մենք նկատի չունենք միայն Արցախը… գիտակից մարդիկ արդեն այն ժամանակ հասկանում էին, որ Հայաստանն ու Արցախը անքակտելիորեն կապված են և Հայաստանի անվտանգությունն անհնար է ապահովել առանց արցախյան գործոնի։

Բայց անցել է ընդամենը հինգ տարի, և այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ սոցիալական բարիքները, կուշտ «փորը» ու անվտանգությունը կարող են «վաստակել» քաղաքական անտարբերությամբ, արժանապատվության և պատվի կորստի միջոցով՝ ի զարմանս իրենց, հանկարծ հայտնաբերեցին, որ հենց ինքնահարգանքն ու սերը Հայրենիքի հանդեպ բացարձակ կիրառական հասկացություններ են, որոնք էլ ապահովում են երկրում անվտանգության և սոցիալական արդարության հիմնական նախադրյալները։

Հետաքրքիր է «կողքից» դիտել, թե ինչպես ՀՀ ներկայիս  իշխանությունների հարկային տեռորի թափանիվի տակ առաջին հերթին հայտնվեցին բնակչության հենց այն շերտերը, որոնք հանդիսանում էին ներկայիս հայաստանյան իշխանության էլեկտորալ հիմքը։

Ես հիմա չեմ չարախնդում, ուղղակի հետաքրքիր էր և միևնույն ժամանակ սպասելի, որ շատ մեծ թվով մարդկանց աչքերն այս իշխանության իրական պատկերի վրա բացվեցին ստամոքսի միջոցով։

Բայց միաժամանակ նշեմ, որ չի կարելի այդ մարդկանց մեղադրել։ Մարդիկ, ըստ էության, կոնֆորմիստ են և պատահական չէ, որ շատ հաճախ ճշմարտությունը շատերի համար հայտնի է դառնում «դատարկ ստամոքսի» միջոցով։

Այնպես որ, պետք է մի կողմ դնել նախկին դժգոհությունները ընկերների, գործընկերների ու բարեկամների հանդեպ, որոնք մինչև վերջերս սիրում էին «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը արտաբերել և պետք է պարզապես սկսել այդ մարդկանց «հպարտ քաղաքացիների» վիճակից վերադարձնել «սովորական» հայերի վիճակին։

Որովհետև «սովորական» հայի համար Հայրենիքը սիրելը, ինքն իր նկատմամբ ինքնահարգանք, ամաչելու զգացումներ ունենալը, հայությանը,  սեփական պատմությունը հարգելը, Աստծուն հավատալն ու նախնիների պատգամները սրբորեն պահելը բնականոն վիճակ է:

«Կամուրջ» Քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյան

Տեսանյութեր

Լրահոս