
Աննա Հակոբյանի ընկերուհին էլի փորձանքի մեջ է. նրա վերաբերյալ ևս մեկ կարգապահականի միջնորդություն՝ ԲԴԽ-ում. այս անգամ՝ Գալյանի ձեռամբ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր և, վերջապես, Աննա Հակոբյանի ընկերուհի Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ հերթական անգամ կարգապահական վարույթ քննելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ: Այս անգամ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
168.am-ի տեղեկություններով՝ միջնորդության խնդրո առարկան ավանդական է. Նաիրա Հովսեփյանն աշխատելու հետ սեր չունի և հերթական անգամ բավականին ուշ է ակտը տրամադրել կողմին՝ 1 տարի 6 ամիս հետո:
Հիշեցնենք, որ վերջին անգամ, երբ դեռ ԲԴԽ նախագահ էր Կարեն Անդրեասյանը, Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ նույնանման թեմայով քննվող կարգապահական վարույթը նրա համար հետևանքներ չունեցավ:
Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել էր մերժել այն:
«Հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ Խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես դատավորի որդու՝ 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի՝ պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- ի խորոց սրտի ասել էր Կարեն Անդրեասյանը:
Աննա Հակոբյանի բարձր հովանին վայելող Նաիրա Հովսեփյանին ԲԴԽ-ն այս անգամ էլ պատասխանատվության թերևս չի ենթարկի, եթե անգամ խախտումը շարունակվել է ԲԴԽ նախորդ որոշումից հետո:
Հիշեցնենք՝ Նաիրա Հովսեփյանը ԲԴԽ այն դատավոր-անդամն էր, որ ունենալով դատական ակտերի տրամադրման տասնյակ մեծ ժամկետներով ուշացումներ, կողմ քվեարկեց իր գործընկերուհու՝ Քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն… Դատական ակտի տրամադրումն ուշացնելու համար: