
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային ու Լիբանանին

Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։
Վեց ավիահարվածների թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։
Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր շրջանի Մաարուբ քաղաքում թիրախավորել է մի մեքենա, որի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Նախորդ շաբաթվանից Իսրայելը սաստկացրել է հարձակումները Լիբանանի վրա այն բանից հետո, երբ պնդել է, որ իր հյուսիսային բնակավայրերից մեկը Լիբանանի կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել: «Հեզբոլլահ»-ն իր հերթին հերքել է իր առնչությունը հարձակմանը:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 430 օբյեկտ: Բանակը նաև նշել է, որ հարձակվել է Սիրիայում 18 թիրախի վրա, ինչպես նաև ռմբակոծել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Լիբանանում։