Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար

«Թույլ տվեք նաև անդրադառնալ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին՝ ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։ Ինչու՞ պետք է Հայաստանը պատրաստվի ուժ կիրառել։ Ի՞նչ օրակարգային հարց կարող է ենթադրել ուժի կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից»։ Մարտի 26-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Ինչպես հավանաբար տեղյակ եք, Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այնուամենայնիվ, Հայաստանը բարձրագույն մակարդակով աներկբա հայտարարել է, որ չի ձգտում այս հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Սահմանազատման ընթացիկ գործընթացը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստը պարունակում են բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այս հարցի խաղաղ և իրավական ճանապարհով հասցեագրման համար։ Այսպիսով, Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակում է գործել այդ սկզբունքների համաձայն»,–ասել է նա։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ այդ համատեքստում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հետաքննում է հրադադարի ենթադրյալ խախտումների դեպքերը։ Նա նշել է, որ իրապես հետաքրքրված լինելով տարածաշրջանում վստահության հաստատմամբ՝ Հայաստանն առաջարկել է ադրբեջանական կողմին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ, այդ թվում՝ սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ։

«Ցավոք, նշված առաջարկները չեն արժանացել Ադրբեջանի կառուցողական արձագանքին, ինչը լուրջ հարցեր է բարձրացնում այս պարբերական մեղադրանքների իսկական մտադրությունների վերաբերյալ։

Ադրբեջանի մեղադրանքները եզակի դեպքեր չեն․ դրանք մաս են կազմում հստակ և ձևավորված մի գործելաոճի, ըստ որի Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը՝ օգտագործելով այն որպես արդարացում տարածաշրջանում հետագա լարվածության համար։ 2020 և 2023 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր։ Իմ կոչն է՝ առավել ուշադիր լինել այս գործողությունների օրինաչափության նկատմամբ։ Կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը և հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են։ Մենք պետք է զգոն լինենք այս մարտավարության նկատմամբ՝ կրկնապատկելով մեր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Հայաստանի նկատմամբ վերջերս ահագնացող հռետորաբանությունն ու աճող սպառնալիքները ևս այդ նույն մտահոգիչ օրինաչափության շարունակությունն են, որոնք հիշեցնում են նախկին ռազմական էսկալացիաները։ Մենք հաստատապես համոզված ենք, որ խաղաղությունը պահանջում է զսպվածության և կառուցողական երկխոսության հանձնառություն։ Տևական խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետք է լինի այս գործընթացի անբաժանելի մասը՝ հիմնված բարեխիղճ ներգրավվածության և անկեղծ համագործակցության, այլ ոչ թե սպառնալիքների կամ փոխադարձ մեղադրանքների վրա»–ասել է ԱԳ փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս