ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ նախագիծը որոշ խմբագրական փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես, նախաբանից հանվել է «Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի միասնական կամքը» հատվածը։

Փոփոխված ձևակերպման համաձայն՝ օրենքը շարադրվում է հետևյալ կերպ.«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։ 

Նախագիծն ընդունվեց հանձնաժողովի կողմից և կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում։ Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։

Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։

Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։ Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել էին։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31