Նիկոլը համառորեն մտասևեռվել է, որ հենց ինքն է հանդիսանալու այն անձը, ով պետք է «հավերժական խաղաղություն» բերի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավկովկասյան տարածաշրջանում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին մի քանի ամիսների Նիկոլի ու նրա պլեադայի խոսույթի հիմնական առանցքն ու բանալի բառերը պտտվում են «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ։ Նիկոլը համառորեն մտասևեռվել է, որ հենց ինքն է հանդիսանալու այն անձը, ով պետք է «հավերժական խաղաղություն» բերի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավկովկասյան տարածաշրջանում։
Ավելին, նա իր այս թեզերն անհոգնել շարունակ կրկնում է հնարավոր բոլոր առիթների դեպքում՝ փորձելով իր ունկնդիրներին, աղանդավոր քարոզիչի դեմքով, ապացուցել իր մտքերի բացարձակ ճշմարտացիությունը։ Փաշինյանի համար «խաղաղություն» բառը վերածվել է քաղաքական մանտրայի, որը պետք է կրկնվի անդադար՝ անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։

Այս ֆոնին տեսնում ենք, որ Ադրբեջանում ոչ միայն, մեղմ ասած, համամիտ չեն Նիկոլի սևեռուն գաղափարների հետ, այլև ընդհակառակը՝ մարդիկ լրիվ այլ պլաններ ու նարատիվներ ունեն իրենց օրակարգում։ Ավելին, նրանք ոչ մի խաղաղության էլ չեն պատրաստվում։ Ասվածի վառ օրինակը նախօրեին ադրբեջանական ՊՆ հաղորդագրություններն են, որտեղ հայտարարվում էր, թե «հայկական կողմը կրակել է Ադրբեջանի ուղղությամբ»։ Ըստ էության, սա փաստում է, որ Ալիևը բնավ համակարծիք չէ Նիկոլի հետ և իրավիճակի վերաբերյալ այլ ծրագրեր ունի։

Թերևս այստեղ առկա է հետևյալ իրողությունը․ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը «պասերով» խաղում է Նիկոլի հետ, քանի որ այս օրերին, հատկապես Միրզոյան Արոյի խոսքում, դա ավելի ընդգծված երևաց։ Իշխանությունը առաջ է տանում հետևյալ թեզը՝ «եթե չստորագրենք, պատերազմ կլինի»։ Սա այն անկյունաքարային թեզն է, որն առաջիկայում անընդհատ շահարկելու է Նիկոլը՝ «խաղաղության» անվան տակ Ադրբեջանի պահանջները գլխիկոր կատարելու արդարացումն ապահովելու համար։ Եվ ահա, կարծես թե մենք տեսնում ենք առաջին «ծաղիկները», երբ ադրբեջանական կողմը սկսում է նմանօրինակ լուրեր տարածել։ Չի բացառվում, որ նրանց կողմից լինեն որոշակի քայլեր, ինչը Նիկոլը խաղացնելու է որպես իր համար «լեգիտիմ արդարացում»։ Ահա այս ամենի շուքի տակ իշխանությունները հանրության վրա «ծախում են» խաղաղության մասին կեղծ սպասումները։

Ըստ էության՝ տարածաշրջանային իրողությունները հստակ ցույց են տալիս, որ խաղաղությունն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մի մասն է, քան իրական նպատակ։ Նրա մանտրայական մոտեցումը ստեղծում է պատրանք, թե Ադրբեջանն էլ նույն տրամաբանության մեջ է գործում, մինչդեռ Բաքուն շարունակում է ուժի կիրառման քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ միակողմանի խաղաղության խոսույթը, իրականում, ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ դարձնում է Հայաստանը առավել խոցելի՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով»։

Տեսանյութեր

Լրահոս