«Սա ոչ թե խաղաղության, այլ աղետի պայմանագիր է. կա 2 սցենար». Դավիթ Ջամալյան

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովի խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ:

«Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ»,- ասել է Բայրամովը:

Մինչև այս պահը հայկական կողմից դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն այս ամենի վերաբերյալ չկա։

Կարդացեք նաև

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շեշտում է՝ տեղի ունեցող գործընթացները Հայաստանի համար մեծ աղետ են բերելու, հատկապես՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարագայում։

«Սա ոչ թե խաղաղության, այլ աղետի պայմանագիր է, այն իր հետ Հայաստանի գլխին աղետ է բերելու։ Փաստորեն հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադրությունն է գլուխ բերվել՝ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ձեռքով։ Ադրբեջանի պահանջը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, իշխանությունները կատարում են, և այդ պահանջը կբավարարվի հերթական կամ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո։

Իշխանություններին ժամանակ է անհրաժեշտ նոր Սահմանադրության տեքստը կազմելու համար»,- 168.amի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Նա հիշեցրեց օրերս «Գելափ» ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որով հասարակության մեծ մասը դեմ է արտահայտվել երկրում Սահմանադրությունը փոխելու հանրաքվե անցկացնելուն։

Հետևաբար, եթե այսօր հարցը դրվի հանրաքվեի, այն կտապալվի, ուստի այդ ամենն իշխանությունը կկազմակերպի միայն այն բանից հետո, երբ հերթական կամ արտահերթ ընտրություններում վերարտադրվի։

«Սա առաջին սցենարն է՝ վերարտադրվելուց հետո իշխանությունը ողջ ներուժը գործի կդնի, որպեսզի կեղծի հանրաքվեն։

Կա նաև երկրորդ սցենարը՝ մինչև ընտրություններն Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, և արցախյան ողբերգության սցենարը կրկնվի՝ լայն էսկալացիայի արդյունքում ստանա այն, ինչ վաղուց երազում է՝ «միջանցք»։

Իսկ դրանից հետո արդեն հասարակությանը կպարտադրեն Սահմանադրության հանրաքվեն և դա կդարձնեն միակ այլընտրանքը խաղաղություն հաստատելու համար»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Նա ընդգծեց՝ տվյալ պարագայում պետք է տրվել կա՛մ ինքնախաբեության և հավատալ անհավատալիին, կա՛մ սթափ լինել ու կանխել աղետը։

«Այդ պայմանագիրը Հայաստանի համար նշանակում է պետականության կորուստ, տնտեսական էքսպանսիա, արտագաղթ, ինչը նշանակում է, որ Հայաստանում հայերը 5-10 տարի անց դառնալու են փոքրամասնություն։

Երբ Հայաստանում իշխանությունը փոխվի, կարելի է ինչ-որ բաներ փոխել, գտնել լուծումներ, և որքան շուտ փոխվի, այնքան հեշտ կլինի աղետը կանխել»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս