
Պակիստանում գնացք զավթած զինված անձինք սպանել են առնվազն 50 պատանդի

Պակիստանում «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորման զինյալները գնացքի զավթման ընթացքում սպանել են առնվազն 50 պատանդի։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ զինյալներն իրենք են հայտարարել պատանդների սպանության մասին, քանի որ, ըստ նրանց, անվտանգության ուժերը քայլեր են ձեռնարկել պատանդներին փրկելու համար:
Վկայակոչելով Պակիստանի պաշտոնյաներին, նշվում է, որ առայժմ 190 պատանդի է հաջողվել փրկել։
Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ երեքշաբթի օրը «Բելուջիստանի ազատագրման բանակ»-ի զինյալները պատանդ են վերցրել Քվետայից (Բելուջիստան նահանգի մայրաքաղաք) Փեշավար (Խայբեր Փախտունխվա նահանգի մայրաքաղաք) գնացքի մոտ 450 ուղևորի։ Զինյալները պայթեցրել են երկաթուղային գծերը, ապա կրակ բացել գնացքի վրա։
Հարձակման ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել գնացքի անվտանգության աշխատակիցների և զինյալների միջև։
Ավելի վաղ՝ «Dawn» պարբերականը հայտնել է, որ մարդատար գնացքը զավթելու ժամանակ առնվազն 10 մարդ է զոհվել։ Բացի այդ, 190 պատանդ փրկվել է, իսկ 30 զինյալ սպանվել է։