Բաժիններ՝

Հայաստանում վահանաձև գեղձի քաղցկեղը շատ տարածված է

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կանանց շրջանում առավել տարածված և հիմանական հանդիպող չարորակ ուռուցքային հիվանդություններն են համարվում կրծքագեղձի, արգանդի և վահանաձև գեղձի քաղցկեղները:

Կանանց միամսյակի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկմանը հյուրընկալել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Հայկ Սարգսյանին, որի հետ խոսել ենք կանանց առողջության և նրանց մոտ առավել հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակների մասին:

Վերջին տարիներին առավել շատ են հանդիպում վահանաձև գեղձի շրջանում քաղցկեղները, որն, ըստ մասնագետի, կապված է հորմոնալ խախտումների, օդի աղտոտվածության, ճառագայթման, յոդի պակասի հետ։ Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի վահանաձև գեղձի մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի տեսակետից:

«Նշեմ, որ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման բավականին լավ արդյունքներ ունենք այսօր, քանի որ կատարելագործվել են բուժման մեթոդները, արդիականացվել են սարքավորումները, ինչպես նաև ավելացել է վաղ հայտնաբերելիությունը: Մարդիկ ավելի ուշադիր են դարձել, ինչը նպաստում է հիվանդության հայտնաբերմանը վաղ շրջանում: Շատ մեծ նշանակություն ունեն նաև սքրինինգային հետազոտությունները, որոնք պետք է պարբերաբար մի շարք հիվանդանոցների կողմից բոլոր մարզերում իրականացվեն»,- նշեց բժիշկը:

Անդրադառնալով արգանդի քաղցկեղին՝ մասնագետը նշեց, որ քաղցկեղի այս տեսակը նույնպես  Հայաստանում բավականին տարածված է, քանի որ արգանդը նույնպես հորմոն-կախյալ օրգան է, իսկ կնոջ օրգանիզմը շատ հաճախ է հորմոնալ փոփոխությունների ենթարկվում:

«Արգանդի քաղցկեղի պատճառներից է նաև պապիլոմավիրուսը, որի դեմ կա պատվաստանյութ, որը միանշանակ չընդունվեց մեր հանրության կողմից: Խնդիրը, կարծում եմ, ոչ թե հենց պատվաստանյութն էր, այլ առհասարակ մեր երկրում այդ գործընթացի դեմ որոշ խմբերի բացասական վերաբերմունքը, որոնք կարծում են, որ պատվաստանյութը վնասակար է և բացասական հետևանքներ կարող է ունենալ: Բայց ամբողջ աշխարհում   արդեն տարիներ շարունակ պատվաստումային գործընթացը կանխարգելելու ընդունված մեթոդ է»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս