
Պետք է ոչ թե իրար բզկտել, այլ կենտրոնանալ Գյումրու վրա, որտեղ Փաշինյանը խնդիր է տեսնում. Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստ է համախմբվել ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք համաձայն կլինեն իրենց առաջարկած օրակարգին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին` արդյո՞ք ընդդիմության հետ հակասություններ կան։
Նա հայտարարեց, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, քանի որ ՀՀ իշխանությունը երկիրը տանում է ապազգային ճանապարհով ու նրանց առաջարկած քաղաքական ուղեգծի իմաստն ըստ էության պարտվողականությունն ու զիջողականությունն է՝ հանուն կարծեցյալ խաղաղության։ Դրա «երաշխավորն» էլ հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։
Ռուստամյանը շեշտեց, որ ընդդիմադիր ուժերի հետ հակասություն միշտ էլ լինում է, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են։
«Այն, ինչ մենք անում ենք, փորձում ենք բոլորին բերել ավելի կառուցողական դաշտ, որպեսզի մեր քննարկումները կենտրոնանան լուրջ, պլատֆորմային, ծրագրային հարցերի շուրջ, քան հատվածական ամբիցիոզ խնդիրները խաթարեն դրանք ու արդյունքի չհասնենք։ Հիմա մենք առաջարկում ենք օրակարգ, որի շուրջ պատրաստակամ ենք համախմբվել։
Պատրաստ ենք բոլորի հետ նստել սեղանի շուրջ ու առարկայական խոսել այն խնդիրների շուրջ, որոնք իրական այլընտրանք կարող են լինել հայ ժողովրդի համար։ Պետք է կարողանանք միասին առաջ գնալ, թե չէ տարաձայնությունները շատ-շատ են, բայց միավորողը մի բան պետք է լինի՝ այս իշխանությունների հեռացումը»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետք է ոչ թե իրար բզկտել, այլ կենտրոնանալ Գյումրու վրա, որտեղ Փաշինյանը խնդիր է տեսնում։