
Երազում եմ՝ ունենանք այնպիսի պետություն, որ երբ գերի ենք ունենում Ադրբեջանում, հատուկ ծառայությունները կարողանան գնան, գողանան, մեկի փոխարեն տասը բերեն. Թևան Պողոսյան
Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն էին։
Խոսելով այն մասին, թե ստեղծված իրավիճակում, երբ Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ «դատապրոցես» անվանվող ֆարսը, ի՞նչ պետք է անենք մենք, բանախոսներից Թևան Պողոսյանը պատասխանեց՝ միակ բանը, որ կարող ենք անել, այն է, որ չեզոքացնենք Ալիևի իրական նպատակը։
«Ցավում եմ, որ այսօր չունենք այնպիսի պետություն, որ երբ պատանդ ենք ունենում Ադրբեջանում, մեր հատուկ ծառայությունները կարողանան գնան, գողանան, բերեն։ Եղել են այդպիսի ժամանակներ, երբ մի պատանդի փոխարեն՝ 10-ն էինք գողանում բերում… հետո փոխանակում, հարցերը կարգավորում: Բայց սա մի կողմ։ Ալիևի նպատակը հայ ազգի աչքը վախեցնելն է։ Ես լինեի իշխանության տեղը՝ այդ բոլոր մարդկանց կտայի ՀՀ ազգային հերոսի կոչում, այդ մարդկանց անունով դպրոցներ կանվանակոչեի, փողոցներ, երեխաներին էլ ամեն օր կտանեի էդ տեղերը, կպատմեի՝ ովքեր են էս մարդիկ ու ինչեր են արել, որ թշնամին իր նպատակին չհասներ… Սա պետք է լինի մեր օրակարգի թիվ մեկ հարցը»,- ասաց քաղաքագետը:
«Ռուբենին Ալիևը չի ներում մի բանի համար՝ Արցախի միջազգային ճանաչման, մեդիաներով ողջ օրն Արցախի մասին խոսելու, Արցախ անունը տալու համար։ Իսկ Ռուբեն Վարդանյանն աշխարհում ճանաչված, հեղինակություն ունեցող մարդ է, նա բարձրաձայնում էր Արցախում տեղի ունեցող էթնիկ զտման մասին, աշխարհին ավելի տեսանելի էր դարձնում Ալիևի բռնակալ լինելը: Մենք ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ բոլոր հարուստ հայերի դեմ ոչ թե պիտի պայքարենք, այլ նրանց հետ պիտի աշխատել։ Մենք այդպես էլ դասեր չքաղեցինք՝ ինչպես օգտվել մեր մարդկային ռեսուրսներից»,- նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: